Տ. Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Մենք պետք է օգտագործենք մեր բարեկամական կապերը, որպեսզի երկու երկրների միջև խորացնենք և ընդլայնենք համագործակցությունը՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում: Ռումինիայի մեծ հեղինակություն ունեցող հայ համայնքը կարող է հանդիսանալ այն պլատֆորմը, որը կարող է խթանել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը, և նշել, որ այն մեծ խթան կհանդիսանա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում:
Այդ համատեքստում, զրուցակիցները կարևորել են այս տարվա ընթացքում նախանշված հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ Երևանում և Բուխարեստում:

Վարուժան Ոսկանյանը հանդես է եկել նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տնտեսական ֆորում կազմակերպելու առաջարկով, ինչին վարչապետ Սարգսյանը դրական է արձագանքել:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Վարուժան Ոսկանյանը Տիգրան Սարգսյանին է նվիրել միջազգային աննախադեպ հաջողությունների հասած իր «Շշուկների Մատյան» վեպը, որը պատմում է հայ ժողովրդի ապրած ողբերգության, կոտորածների և տեղահանումների մասին:

Մեկնաբանել