Բարեպաշտ, բայց ծանր հանդիպում․ Spiegel-ը՝ Պուտինի՝ Գերմանիա այցի մասին

Այս հանգստյան օրերին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին բացեց Հանովերում Միջազգային արդյունաբերական տոնավաճառը։ Դեռ նախքան երկու պետությունների առաջանորդների հանդիպումը, գրում է գերամանական Der Spiegel պարբերականը, պարզ էր, որ ներդաշնակություն ակնկալել պետք չէ։ Մինչ Պուտինը խոսում էր Ռուսաստանի ու Գերմանիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական ընդլայնման ու ամրապնդման մասին, Անգելա Մերկելը որոշեց շոշափել ևս մի թեմա։ Գերմանիայի կանցլերի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «միայն կշահեն, եթե Ռուսաստանում լինի ակտիվ քաղաքացիական հասարակություն»։ Անգելա Մերկելը նաև հայտարարեց, որ «ոչ կառավարական կազմակերպությունները, նոր միավորումները, հասարակական կազմակերպություննեը, որոնք առաջ են մղում նորարարությունները, նույնպես պետք է իրենց շանսն ունենան Ռուսաստանում»։

Ինչպես հայտնի է, այսպիսի արձագանք են առաջացրել ստուգումները Ռուսաստանում աշխատող ոչ առևտրային մի շարք կազմակերպություններում, այդ թվում՝ գերմանական հիմնադրամներում՝ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամում և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում։ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները, բացի տիկին կանցլերից, խիստ քննադատել են նաև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ կանցլերի պաշտոնի թեկնածու Պեեր Շտայնբրյուկը և էկոնոմիկայի ու տեխնոլոգիաների նախարար Ֆիլիպ Ռյոսլերը։

Պուտինի այցը Հանովեր, շարունակում է հոդվածը, ուղեկցվեց բողոքի ցույցով, որին գերմանական ոստիկանության գնահատմամբ՝ մասնակցել է մինչև 350 մարդ։ Հավաքվածները Ռուսաստանի առաջնորդին մեղադրում էին ժողովրդավարության շրջափակման մեջ։ Գերմանիայի «կանաչների» ղեկավար Կլաուդիա Ռոտն ընդհանրապես Վլադիմիր Պուտինին անվանեց «բռնակալ», որը փորձում է ոչ առևտրային կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու միջոցով «քրեականացնել, վախեցնել, զրպարտել և վարկաբեկել նրանց աշխատանքը Ռուսաստանում»։

Ինչպես նշում է Der Spiegel-ը, Պուտինն իր ելույթի ժամանակ ոչ առևտրային կազմակերպությունների թեման չշոշափեց։ ՌԴ նախագահը ընդգծեց այլ ասպեկտներ՝ Ռուսաստանի տնտեսական լավ ցուցանիշներ, փոքր պետպարտք, կայունություն, ոսկեարժութային զգալի պահուստներ, ռուս-գերմանական առևտրի աճող ծավալ և երկրում վերջին 19 տարիներին ծնելիության առավելագույն մակարդակ։

Այսպիսով՝ Ռուսաստանի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը երկընտրանքի առջև է․ մի կողմից՝ Գերմանիան չի ցանկանում հրաժարվել Ռուսաստանի հետ շահավետ «ռազմավարական գործընկերությունից», մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Պուտինն իր ռեպրեսիվ քաղաքական ուղեգծով ինքն է խոչընդոտներ ստեղծում մերձեցման համար, եզրափակում է Der Spiegel-ը։

Նշենք, որ ավելի ուշ՝ ելույթ ունենալով Գերմանիա այցի արդյունքներով մամլո ասուլիսին՝ Վլադիմիր Պուտինը առաջարկել է արտասահմանից ռուսական ոչ առևտրային կազմակերպություններին հատկացված միլիարդ դոլարն օգնության ուղարկել Կիպրոսին։ Նա հավելել է, որ այդպիսով Կիպրոսում հնարավոր կլիներ «չքերթել դժբախտ ներդրողներին»։