Դեսպան Մանուկյանը Սամցխե-Ջավախքում պարգևատրել է հայ գործիչների

Ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունն է կատարել Սամցխե-Ջավախքի տարածաշրջան. տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Այցելության ընթացքում դեսպան Մանուկյանին ուղեկցել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայ բնակչությանն ուղղված խոսքում ՀՀ դեսպանը շնորհավորել է նախորդ կիրակի օրը տոնված Սբ. Հարության տոնի, ինչպես նաև ներկա տիկնանց և օրիորդներին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Ախալքալաքում, ուր Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների հետ համատեղ կազմակերպվել է հանդիպում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայաբնակ շրջանների հայկական կրթօջախների տնօրենների, ինչպես նաև մշակույթի ոլորտի գործիչների հետ:

Դեսպան Մանուկյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հայ-վրացական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հատկապես կարևորելով երկկողմ հարաբերությունները կրթական և մշակութային բնագավառում, խոսել դրանց հեռանկարների մասին, անդրադարձել Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրներին:

ՀՀ դեսպանն ընդգծել է վիրահայ համայնքի և նրա ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ ներգրավումը Վրաստանի հասարակական–քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ ոչ միայն համայնքային հիմնախնդիրների լուծման, այլև հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման համար: Հանդիպման ավարտին դեսպան Մանուկյանը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մտավորականության, մշակութային և կրթական բնագավառի առավել աչքի ընկած և վաստակ ունեցող մի շարք գործիչների պարգևատրել է Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով: Դեսպան Մանուկյանը Ախալքալաքի և Նինոծմինդայի շուրջ ինը տասնյակ հայալեզու կրթական օջախներին փոխանցել է ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած հայալեզու գեղարվետական գրքեր և այլ գրականություն: Գնահատանքի և օրհնության խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նույն օրը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում կայացել է դեսպան Մանուկյանի հանդիպումը շրջանի համայնքային, հոգևոր և մշակութային կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող կանանց հետ: Շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ՀՀ դեսպանը կարևորել է կանանց անփոխարինելի դերը և ավանդը կրթական բնագավառում, մատաղ սերնդի դաստիարակության և այլ հարցերում:

Նույն օրը երեկոյան Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի նոր վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցու դռնբացեքի արարողությանը: