Բացվել է մանկական վերականգնողական ծառայության առաջին բաժանմունքը համաբուժարանում

Երևանում այսօր բացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական համաբուժարանի վերականգնողական ծառայության բաժանմունք, որի բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Սա առաջին դեպքն է, երբ նման ծառայություն մատուցվելու է համաբուժարանային պայմաններում:

Քաղաքապետը շրջել է ամբողջությամբ վերանորոգված և անհրաժեշտ պարագաներով կահավորված բաժանմունքով, ծանոթացել բուժման համար անհրաժեշտ պայմաններին։

Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքի բացման կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է բաժանմունքի կարևորությունը մայրաքաղաքի առողջապահական համակարգում:

«Այն քաղաքացիները, ում երեխաները նման խնդիրներ ունեն, արդեն ունեցան երկրորդ կենտրոնը, ուր կկարողանան այցելել: Մենք պատրաստ ենք աջակից լինել և միշտ ձեր կողքին ենք: Մեր ծրագրերում ընդգրկված է նաև 9-րդ մանկական պոլիկլինիկայի կապիտալ վերանորոգումը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հասարակությանը լիարժեք ինտեգրացման նպատակով նախատեսվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 78 մանկապարտեզում իրականացնել վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, մասնագետների վերապատրաստում, համապատասխան պարագաներով և խաղերով հագեցում, որտեղ կհաճախեն թիվ 9 մանկական համաբուժարանում բուժվող հատուկ կարիքներով երեխաները:

Ստեղծված ծառայության գործունեությունը և երեխաների վերականգնողական ծառայությունները իրականացվելու են պետական պատվերի շրջանակում:

«Սա հնարավորություն կտա, որ այն հազարավոր ընտանիքները, որոնց համար այս ծառայությունները դժվարամատչելի են, կարողանան անվճար օգտվել»,-շնորհակալություն հայտնելով քաղաքապետին աջակցության համար՝ նշել է Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը:

Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Արմենիկում» կլինիկական կենտրոն, շրջել հարկաբաժիններով, ծանոթացել կենտրոնի պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով կենտրոնի հարակից տարածքի բարեկարգմանը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ դրա համար կտրամադրվի համապատասխան որոշում։

«Մենք պատրաստ ենք աջակցելու, կտրամադրենք նաև դենդրոնախագիծ և բարեկարգմանն անհրաժեշտ այլ պարագաներ, ընդ որում՝ տարածքը պետք է ծառայի ոչ միայն կենտրոնի այցելուների, այլև հարակից շենքերի բնակիչների հանգստի ապահովմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Մեկնաբանել