Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին. հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-իրանական վստահելի և բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել:

Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար, ինչը նաև լավ հնարավորություն է ի մի բերելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշելու նոր ծրարգեր։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։

Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Այս ենթատեքստում նախարար Սալեհին ներկայացրել թ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները։

Մեկնաբանել