Կես միլիոն բողոքողների ձայնը Ր.Հովհաննիսյանն է լսում, պիտի գոնե չխանգարենք նրան. Վ.Օսկանյան

Անկախ նրանից հրապարակում հարյուր մարդ կա, թե քսան հազար, քվեարկությամբ բողոքի հինգ հարյուր հազար ձայն կա, և իշխանությունները պիտի լսեն այդ ձայնը. այսօր այդ պատասխանատվությունը Րաֆֆի Հովհաննիսյանի վրա է՝ պետք է գոնե չխանգարել նրան. նշեց նախկին արտգործնախարար, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում «ԲՀԿ»-ի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում՝ անդրադառնալով վաղը նախատեսվող երկու երդմնակալություններին: Օսկանյանը խոսեց նախագահական ընտրությունների նկատմամբ ժողովրդի կասկածի մասին, որը մշտապես հաջորդում է ընտրություններին և մշտապես ստվերում է իշխանությունների աշխատանքը հաջորդող տարիներին:

«Ես ամեն խոսքի չեմ պատասխանում, ես պատասխանում եմ միայն այն դեպքերում, երբ կարծում եմ, որ հասարակությունը ասվածին ուշադրություն է դարձրել»,- ասաց նա՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին: Սակայն համաձայնեց պատասխանել նույն հարցերին, եթե դրանք միայն հաղորդավար-անձի անունից են, և ոչ թե՝ որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող տեսակետներ: Այսպես, անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Վարդան Օսկանյանը «Ծառուկյանի ձեռքը բռնած է ներկայանում»՝ նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններում օրենքով սահմանված կարգով հնարավոր չէ մասնակցել որպես անհատ. մասնակցության միակ ձևաչափը՝ որպես կուսակցության անդամ մասնակցելն է, ինքն էլ մասնակցում է «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով, և տեսահոլովակում երևում է կուսակցության նախագահի հետ միասին:

Օսկանյանը նշեց, որ այսօր Երևանը պետություն է պետության մեջ, և այժմյան՝ բոլոր որոշումների՝ մեկ կենտրոնում կայացվելու արատավոր համակարգը կարող է փոխել Երևանի՝ ոչ իշխանական համակարգից ընտրված քաղաքապետը:

Իր դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն այսօր ուժեղագույն ուժն է քաղաքական համակարգում՝ «անկախ թվերից», հիմա էլ ավագանու ընտրություններին մասնակցում են բոլոր լուրջ քաղաքական ուժերը, և իրական հնարավորություն կա, քաղաքի իշխանությունը ստանձնելով, ստեղծել իրական հակակշիռ: «Սա փայլուն հնարավորություն է շարունակել փոփոխությունների պահանջը՝ և կադրային, և համակարգային: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը այս ընտրությունները կդիտարկի նաև այս հարթության վրա, թեպետ սա, իհարկե, նաև քաղաքային հարթության խնդիրներ պիտի լուծի»,- ասաց նա:

Օսկանյանը ներկայացրեց լավ քաղաքի իր տեսլականը. «Մեր քաղաքացին պիտի զբոսնելու տարածք ունենա, վերելակ նստելուց չվախենա, քայլի լուսավոր փողոցներով, ամեն տարի փողոցները փոս չլինեն: Եթե ասֆալտը որակով անես, ամեն տարի գարնանը փողոցները փոս չեն լինի»,- նշեց նա՝ խոստանալով, որ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը ստանա մեծամասնության քվեն, Երևանում շուտով անսարք վերելակ չի լինի, փողոցներում փոս չի լինի, բաց աղբարկղեր չեն լինի, կավելանա կանաչ տարածքը:

«Երբ վաճառվում է կանաչ տարածք ու դրա վրա շենք է կառուցվում, անկախ նրանից՝ քաղաքապետը տվել է թուղթ, թե ոչ, դա ապօրինի է: Ու հաջորդ քաղաքապետը պետք է առաջին հերթին կանգնեցի այդ ապօրինությունները, որ արվում են եղած թղթերով. ապօրինի են այդ թղթերը: Երբ այսօր քայլում ես քաղաքով, ապա, այո, նստարաններ կան, ինչ-որ խանութներ են բացվել, բայց երբ այդ ամենին նայում ես կողքից, տեսնում ես, որ քաղաքի դիմագիծն է խախտվել: Այդ ամենը պետք է ճաշակով անել»,- ասաց նա:

Վարդան Օսկանյանի խոսքով՝ Երևանի տնտեսական համակարգը պետք է վերանայվի, այն մեծ հնարավորությունների քաղաք է, և հնարավոր է վարչապետի հետ համագործակցությամբ-քննարկումներով, Երևանի տնտեսական համակարգը նորացնել: Նաև, նա վստահ է, որ վստահելի մարդու ներկայությունը կարող է մեծապես նպաստել արտաքին ներդրումներ ներգրավելու գործընթացին. «Լավ գաղափարի համար միշտ փող կա»,- նշեց նա:

Երևանի քաղաքապետարանի տրամադրության տակ այսօր մեծ հողակտորներ կան, որոնց վրա, ըստ Օսկանյանի, կարելի է կատարել մատչելի գներով լավ շինարարություն, և կառուցված բնակարանները ոչ թե հիպոթեքով, այլ օգնության կարգով՝ տրամադրել խոցելի խավերին: «Մեր առաքելության հիմնական նպատակն է մթնոլորտ փոխել երկրում՝ քաղաքական մթնորոլորտ փոխել. պետք է համագործակցենք նույնիսկ այն ուժերի հետ, ովքեր չեն էլ հաղթահարել 6 տոոկսի շեմը, վերցնենք՝ որպես խորհրդական»,- ասաց նա:

Անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին՝ նա նշեց, որ դրանց մասին «Սիվիլիթաս»-ը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը հաղորդագրություններով. «Մանր բաներ են,- ասաց Օսկանյանը,- օրինակ՝ գալիս են [ԱԱԾ-ը] ստուգում մեքենան, մի քիչ հետո հաղորդագրություն տարածում, թե «Սիվիլիթաս»-ի մեքենայում գազի բալոն չի հայտնաբերվել»:

Մեկնաբանել