Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է նախագահի, ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հրաժարականը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ի գիշերը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հրաժարականը: Հայտարարությունը ներկայացված է ստորև:

Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է մի հայտարարություն, որում իրեն թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ, ապաև հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների և կռահումների վրա՝ նաև զրպարտչական բնույթի որակումներ տվել իմ գործողություններին:

Իր պաշտոնական պարտականությունները վերջին օրը կատարող Սերժ Սարգսյանին և նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին և համապատասխան հարգարժան մյուս պաշտոնյաներին հայտնում եմ, որ այսօր կեսօրից դուք այլևս դադարում եք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին: Ես ձեր տարածած հակասահմանադրական հայտարարության հետքերով պահանջում եմ ձեր հրաժարականը: Այլապես, եթե իմ կազմակերպած հավաքները, ինչպես դուք եք ասում, «հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտում» են պարունակում, իսկ դրանց խաղաղ բնույթը` «կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ», ապա հենց այսօր կեսօրին եկեք Ազատության հրապարակ և ձերբակալեք ինձ: Այնտեղ ես իսկապես պատրաստվում եմ ստանձնել հայ ժողովրդի կողմից փետրվարի 18-ին ինձ վստահված պարտականությունները:

Թող հստակ լինի հայ ժողովրդին աշխարհով մեկ՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք, որ սա ոչ թե Րաֆֆիի հաղթանակն է և ոչ էլ Սերժի պարտությունը, այլ համայն հայ ժողովրդի հարությունը, վերածնունդը ազգի, վերելքը պետության:

Թող հստակ լինի նաև ձեզ. Հայրենիքը հավերժ է, եռագույնը՝ սուրբ, իսկ դուք, ընկերներ, ինձ հետ մեկտեղ ոչինչ եք մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր ժողովրդի իշխանության դիմաց:

Բարով մնանք:

Մեկնաբանել