Ապրիլի 9-ին Ժան Պոլ Բելմոնդոն նշում է 80-ամյակը

Ապրիլի 9-ին ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն նշում է իր 80-ամյակը: Չնայած 2001-ից դերասանը չի նկարահանվում կինոյում և չի խաղում թատրոնում՝ նա շարունակում է մնալ Ֆրանսիայի ամենասիրված դերասաններից:

Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը կայացել է Փարիզում 1950թ., երբ «Քնած դշխուհի» ներկայացման մեջ նա մարմնավորել է արքայազնին:

1970-ականներին Բելմոնդոն նկարահանվել է մարտաֆիլմերում և կատակերգություններում: Գրեթե բոլոր հնարքները ֆիլմերում Բելմոնդոն ինքնուրույն է կատարել: Ժան Պոլ Բելմոնդոյի կերտած աննման ժպիտով երիտասարդ ըմբոստի կերպարը օրինակ է ծառայել եվրոպական երիտասարդության համար:

Բելմոնդոն աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Մարսել Կառնեն, Ժան Պիեր Մելվիլը:

2008-ին՝ երկարատև դադարից հետո, Բելմոնդոն նկարահանվել է «Մարդն ու նրա շունը» ֆիլմում: Ռեժիսոր Ֆրանսիս Յուստերն այդ ժապավենը ստեղծել է հատուկ նրա համար: