Սիրիան հրաժարվել է իր տարածք թողնել ՄԱԿ-ի «քիմիական» առաքելությանը

Սիրիայի կառավարությունը հրաժարվել է իր տարածք թողնել ՄԱԿ-ի փորձագետների խմբին, որը պատրաստվում էր հետաքննել քիմիական զենքի կիրառման դեպքերը, հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության ներկայացուցիչների հայտարարությունը։ Նշվում է, որ առաքելության աշխատանքը կխախտեր երկրի սուվերենությունը, քանի որ ՄԱԿ-ը պահանջել է հետաքննություն իրականանցել ամբողջ տարածքում։ Սիրիայի իշխանությունները պնդում են, որ հետքննվի քիմիական զենքի հնարավոր օգտագործման միայն մեկ միջադեպ Հալեպի մերձակայքում։

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, որ փորձագետները պատրաստ են ցանկացած պահի սկսել աշխատանքը։

Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հնչում են հակամարտության երկու կողմերից․ իշխանություններն ու ապստամբները միմյանց մեղադրում են Խան ալ Ասալ գյուղում (Հալեպի նահանգ) մարտերի ընթացքում քիմիական լիցքով հրթիռ օգտագործելու մեջ։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։