Թուրքական մամուլի վերջին զոհը` Ամբերին Զաման

Թուրքիայում ընթացող քաղաքական «զարգացումները» ազատության և հավասարության տանող ճանապարհին մոտենալու հույս ներշնչելով, վկայում են, որ իրականությունը բոլորովին այլ է:

Թուրքիայում լրագրողները շարունակում են դժվար հոգեբանական ճնշումների տակ աշխատել և հաճախ չհաղթահարելով այդ բարդույթները՝ հրաժարվում են մասնագիտությունից: Սակայն ոմանք, շարունակելով իրենց ուղին և հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, շարունակում են գրել և անգամ լինելով մեծ հեղինակություն վայելող թերթերի բավականին ազդեցիկ սյունակագիրներ, նույնպես հեռացվում են աշխատանքից:

Իշխոս «Արդարության և զարգացում» կուսակցության (AKP) իշխանության օրոք բազմաթիվ լրագրողներ են ձերբակալվել խորքային պետության հետ համագործակցելու և զինվորական հեղաշրջում կազմակերպելու ծրագրին մանակցելու մեղադրանքներով: Այսօր տեսնում ենք նաև հեղինակավոր լիբերալ և դեմոկրատ լրագրողների, որոնք ոչ թե ընդդիմադիր կեցվածք են գրավում, այլ չլինելով այդպիսին` ընդամենը կառավարության որոշ քայլեր քննադատում են: Նման դեպքերում վարչապետի ազդեցիկ խորհրդականները զանգելով թերթի խմբագրին, դժգոհություն են հայտնում տվյալ նշանավոր լրագրողի սյունակի բովանդակության վերաբերյալ, որից հետո խմբագիրը, դիմելով սյունակագրին, ասում է, որ պետք է «փափկացնել» ոճը, իսկ երբ սյունակագիրը փորձում է պահպանել իր դիրքը, շատ արագ տեղեկանում է, որ իր սյունակն այլևս չի հրապարակվելու:

Կառավարությունը վրդովմունք է հայտնում, երբ իրեն քննադատում են հատկապես հայկական և քրդական քաղաքականության համար: Թերևս զարմանալի չէ, որ Հասան Ջեմալի, Էջե Թեմելքուրանի նման հեղինակավոր լրագրողները, որոնք իրենց սյունակներում անդրադառնալով հայկական և քրդական խնդիրներին՝ պաշտոնական «քրդական տեռորն․ անվանում էին քրդական ազատագրական պայքար, իսկ «1915թ. դեպքերը»` Հայոց ցեղասպանություն, կարճ ժամանակում հրաժեշտ տվեցին իրենց աշխատանքին:

Թուրքական կառավարության մամուլի զոհերից վերջինը HaberTurk թերթի սյունակագիր Ամբերին Զամանն էր, որը լինելով ամերիկացի դիվանագետ Ջոզեֆ Փենինգթոնի կինը, տարիներ ապրել էր Երևանում և միշտ ընդգծելով իրականությունը՝ երկխոսության ուղերձներ էր հղում Թուրքիայի կառավարությանը: Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակահատվածում Taraf թերթում իր սյունակում նա բավական հաջող մեկնաբանում էր իրավիճակը՝ թուրք ընթերցողին ծանոթացնելով հայաստանյան իրականության և Երևանի հետ:

Բանգլադեշցի դիվանագետ հորից և թուրք մորից ծնված Ամբերին Զամանը իր հայամետ հայացքների պատճառով նույնիսկ «մեղադրվում էր» հայ լինելու մեջ:

Նա, չզարմանալով իրեն աշխատանքից հեռացնելու կապակցությամբ, ասում է, որ մի ամիս առաջ արդեն նախազգուշացվել էր և հասկացել էր, որ երկար չի կարողանալու շարունակել իր սյունակը տվյալ թերթում՝ շեշտելով անգամ, որ նման ժամանակահատվածում գործից ազատված լինելու փաստը ինքը պատիվ է համարելու:

Ամբերին Զամանը շարունակում է թղթակցել բրիտանական հեղինակավոր Economist պարբերականին: Ասեկոսեների համաձայն, Թուրքիայի «երկար ձեռքերը» հասնում են մինչև վերոհիշյալ պարբերականի խմբագրություն: Թուրքիայի Եվրամիության հարցերով պետական նախարար Էգեմեն Բաղըշը չի զլացել խմբագրին իր դժգոհությունն արտահայտել Զամանի վերաբերյալ:

Մեկնաբանել