Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երդվեց

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին երդվեց Ազատության հրապարակում` ազդարարելով «նոր Հայաստանի սկիզբը»:

«Սա իմ կյանքի վերջին երդումն է, թող լինի ձեր առաջինը, մեր միասնականը, ասենք միասին երդումը»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ կոչ անելով բոլորին կրկնել իր խոսքերը և վեր պարզել ՀՀ Սահմանադրությունը:

Նա նշեց, որ Ազատության հրապարակում չկա «Աստվածամոր Ավետարան, կեղծիք, սուտ, 30 արծաթ, կեղծ քարոզներ խորանից և ոչ էլ կեղծ ելույթներ նախագահականից»:

«Աստվածաշունչը մեր սրտում, բայց ոչ երբեք Աստծուն ծաղրելով կամ ստով,երդվում ենք հանուն հավատքի: Ես՝ ՀՀ քաղաքացիս, լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ, հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ իշխանություները, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ ենթարկվելու անիրավ հարգանքների: Ես լիազորված եմ իրավունքներով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ, ես չեմ վախենում, չեմ նահանջում: Մենք՝ Հայաստանի չորրորդ հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, սիրով, հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք: Մենք` նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, Սուրբ Արարատի շուքի ներքո, կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, որտեղ վերադառնում են բոլոր հայերը, որտեղ կա իրավունք, որտեղ կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ, այդ օրը հեռու չէ, այդ օրը այսօր է»,- երդվեց «Ժառանգության» առաջնորդը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 9-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կրկին հանրահավաք կլինի, իսկ ապրիլի 12-ին կներկայացնի իր ծրագրային ելույթն ապագայի վերաբերյալ: Ապրիլի 9-ի հանրահավաքին նա հրավիրեց նաև Սերժ Սարգսյանին և Գարեգին Բ-ին` սուտ երդման համար ժողովրդից ներողություն խնդրելու: