ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին 3 օրով ազատ են արձակել

Ապրիլի 9-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել երեք օրով ազատ արձակել քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ինչպես հաղորդում է ilur.am-ը, պատճառը վերջինիս հոր մահն է: Դատարանը Տիգրանին թույլատրել է մասնակցել հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանության հետ վիճաբանության պատճառով ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները 2012թ. սեպտեմբերին դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման: Գործի քննության ընթացքում կալանք է կիրառվել նրանցից Տիգրան Առաքելյանի նկատմամբ:

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։

Քաղբանտարկյալների ազատազրկման դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։

Քաղբանտարկյալների գործով դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան։

Մարտի 21-ին Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նրանց գործի վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:

Մեկնաբանել