Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքների վերաբերյալ: Այն ներկայացված է ստորև:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելին (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջան են այցելել մարտի 18-22-ը և ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում՝ շարունակելու կողմերին օգնել աշխատանքներ տանել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ապրիլի 9-ին համանախագհներն ընթացիկ գործընթացի մասին Վիեննայում իրազեկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպաններին:

Համանախագահները մարտի 21-ին Երևանում հանդիպել են նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ: Ապրիլի 2-ին Բաքվում նրանք հանդիպել են նախագահ Ալիևի ու արտգործնախարար Մամեդյարովի հետ: Երկու առանձին այցերի ընթացքում համանախագահները մարտի 19-20-ին և ապրիլի 4-5-ին այցելել են Լեռնային Ղարաբաղ և հանդիպել դե ֆակտո իշխանությունների հետ:

Համանախագահներն իրազեկել են շփման գծում տիրող իրավիճակից, որը նրանք երկու տեղից հատել են ապրիլի 4-ին և 5-ին: Նրանք քննարկել են անվտանգության վերջին միջադեպերը, ինչպես նաև տեղական վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել են շփման գծի երկայնքով բնակվողների կենսամակարդակը:

Համանախագհներն ընդգծել են, որ շփման գծում հարաբերական անդորր է նկատվել Նովրուզի ու Սուրբ Զատիկի ժամանակաշրջանում և հույս են հայտնել, որ դա կշարունակվի: Համանախագահները նախագահների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից և դեպի օդանավակայան քաղաքացիական թռիչքների իրագործման հարցը:

Նախագահները վերահաստատել են խաղաղության գործընթացին հավատարիմ մնալը և աջակցություն հայտնել հետագայում ամենաբարձր մակարդակով այդ գործընթացին մասնակցելու համար: Համանախագահները ծրագրել են առաջիկա շաբաթներին արտգործնախարարների հանդիպում կազմակերպել` նպաստելու խաղաղության գործընթացի առաջխաղացմանը:

Մեկնաբանել