«Արմավիան» դեռ պատրաստ չէ դիմել դատարան

«Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը չի հստակեցնում, թե երբ է ավիաընկերությունը դիմելու դատարան՝ սնանկության մասին դիմումով։ Ապրիլի 9-ին լրագրողներին Բաղդասարովն ասել է, որ ներկայում ընկերության իրավաբանները նախապատրաստում են դատարան դիմելու փաստաթղթերը, և դրանց պատրաստ լինելուն պես «Արմավիան» կդիմի դատարան։

Անդրադառնալով «Արմավիայի» սնանկացման գործընթացը սկսելուն, Բաղդասարովն ասաց, որ վերջին երեք տարիներին ավիաընկերություն վնասով է աշխատել, և այն դոտացիաներ է ստացել այլ բիզնեսներից։ «Արմավիայի փակումը պայմանավորված է նրանով, որ բիզնեսը վնասաբեր էր, դրա համար էլ փակեցինք։ Տոմսերի գները եղել են ինքնարժեքից ցածր։ Եվ հիմա, երբ շուկայից դուրս եկավ «Արմավիան», մյուս ավիաընկերությունները բարձացրեցին տոմսերի գները, քանի որ չեն կարողանա վնասով աշխատել։ Մենք շահույթ չունեինք երեք տարվա ընթացքում, ես հուսով էի, որ շուկան կվերականգնվի և մենք շահույթ կունենանք, բայց դա տեղի չունեցավ և որոշեցի փակել ընկերությունը»,-ասաց Բաղդասարովը։

«Արմավիան» մարտի 29-ին հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնում է ավիաչվերթները և սկսում սնանկացման գործընթաց։ Ընկերությունը առ այսօր չի դիմել դատարան։ «Սնանկության մասին» օրենքով հստակ սահմանված է սնանկացման ողջ գործընթացը։ Նախ պարտապանը, տվյալ դեպքում «Արմավիան» սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան։ Դատարանի կողմից սնանկ ճանաչելու դիմումը ընդունման պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է։

Քանի դեռ «Արմավիան» չի դիմել դատարան և չի կայացվել դատարանի համապատասխան որոշումը, ընկերությունն ըստ էության չի կարող սնանկ համարվել և պարտավոր է կատարել բոլոր պարտավորությունները։

Տարբեր գնահատականներով՝ «Արմավիայի» պարտքը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս կազմում է շուրջ $50 մլն, որից ավելի քան $30 մլն-ը՝ երկրի ներսում, այդ թվում՝ 20 մլն-ը բանկերին։