Ր. Հովհաննիսյանի շտաբը դատապարտում է ոստիկանության կողմից լարվածության հրահրումը

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտում է ոստիկանության կողմից լարվածության հրահրումը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Այսօր` ժ. 10:30-ի մոտակայքում, Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ և հրահրել են քաշքշուք: Մասնավորապես, մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում կանանց և երեխաների, որոնց թվում նաև ժողովրդին ուղեկցող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մոր և երեխայի հանդեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել, հրմշտել են և ձեռք են բարձրացրել նրանց վրա:

Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պրոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաև, որ տարածքում են գտնվում պաշտպանության նախարարության զորքեր:

Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք և ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ոստիկանության և նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա»:

Մեկնաբանել