Թուրքիայի նոր Սահմանադրությունում չպետք է լինի «թուրք ազգ» արտահայտությունը. քուրդ պատգամավոր

Թուրքիայի նոր Սահմանադրությունում չպետք է լինի «թուրք ազգ» (Türk milleti) արտահայտությունը, հայտարարել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր Ալթան Թանը:

Նա քննադատել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության` նոր Սահմանադրության նախագիծը, որում առկա է «թուրք ազգ» արտահայտությունը, հաղորդում է Radikal-ը:

«Սահմանադրության փոփոխման հիմնական պատճառը հենց դա էր, իսկ եթե գրում եք թուրք ազգ, ապա այդ ժամանակ ո՞վ ենք մենք`քրդերս: Եթե գրում եք թուրք ազգ, պետք է գրեք նաև քուրդ ազգ, արաբ ազգ, չերքեզ ազգ»,- հայտարարել է քուրդ պատգամավորը` նշելով, որ այն հակասում է ինչպես Սահմանադրության ոգուն, այնպես էլ թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: Ըստ Թանի` նոր Սահմանադրությունում պետք է կարևորվի Թուրքիայի Հանրապետության քաղաքացիության սկզբունքը:

Թուրքիայում գործող` 1982թ. ընդունված Սահմանադրության համաձայն` բոլոր նրանք, ովքեր Թուրքիայի քաղաքացի են, թուրք են: Բացի այդ` Սահմանադրության բազմաթիվ հոդվածներում շեշտվում է «թուրք ազգ» արտահայտությունը, օրինակ` խորհրդարանը թուրք ազգի ներկայացուցիչ է և այլն:

Ներկայում Թուրքիայում ընթանում են նոր` թվով չորրորդ Սահմանադրության մշակման աշխատանքները: Թուրք պաշտոնյաները դժվարանում են պատասխանել, թե երբ կընդունվի այն:

Մեկնաբանել