Ս. Սարգսյանը ցավակցել է Մ. Թետչերի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնին՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, մեզ խորապես վշտացրեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան լուրը:

Նա անջնջելի հետք է թողել ոչ միայն որպես Միացյալ Թագավորության զորացման գործում մեծ ավանդ ունեցող վարչապետ, այլև միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող պետական և քաղաքական գործիչ:

Մարգարեթ Թետչերի սկզբունքայնությունն ու հետևողականությունը, վառ անհատականությունը, իր երկրին անմնացորդ ծառայելու նվիրումը լեգենդի են վերածվել դեռ նրա կենդանության օրոք և ոգեշնչել շատ քաղաքական գործիչների:

Հայաստանում լավ են հիշում աղետալի երկրաշարժի օրերին նրա առաջնորդությամբ Միացյալ Թագավորության անունից հայ ժողովրդին ցուցաբերված աջակցությունը և նրա այցելությունը աղետի գոտի:

Խորին վշտակցություն եմ հայտնում Միացյալ Թագավորության կառավարությանը և ժողովրդին, Մարգարեթ Թետչերի հարազատներին և մերձավորներին` անդառնալի կորստի կապակցությամբ»: