Եվրոն վերադարձրել է գերմանացիների սերը

Գերմանացիների մոտ 3/4-ը դեմ է գերմանական մարկի վերականգնմանը և ցանկանում է շարունակել օգտագործել եվրոն, ցույց է տվել գերմանական Forsa ինստիտուտի՝ Handelsblatt պարբերականի պատվերով իրականացրած հարցումը։ 69% եվրոլավատեսներ՝ սա ամենաբարձր ցուցանիշն է միասնական արժույթի սահմանման ավելի քան 11 տարվա ընթացքում։ Գերմանական մարկին վերադառնալ այժմ ցանկանում է հարցվածների միայն 27%-ը, թեև դեռ անցյալ տարի ամեն երկրորդ գերմանացին դեմ էր հանդես գալիս եվրոյին։

Այսպիսով՝ Գերմանիան եվրոթերահավատների երկրից վերածվել է եվրոլավատեսների երկրի՝ չնայած Եվրոպայում պարտքային ճգնաժամին ու Հունաստանում և Կիպրոսում կատարվող իրադարձություններին։ Հետազոտությունում նշվում է, որ եվրոյին ամենաշատը կողմ են ամենամսյա բարձր եկամուտներ ունեցող ընտանիքները։ Այսպես, այն դեպքում, երբ այս ցուցանիշը գերազանցում է €3 հազ․ շեմը, միասնական արժույթի նկատմամբ վերաբեմունքը հասնում է 79%-ի։

Կուսակցական նախասիրությունների տեսանկյունից պատկերը հետևյալ տեսքն ունի․ եվրոյի նկատմամբ առավել նուրբ զգացմունքներ են տածում «կանաչների» կուսակցության համախոհները (88%), նրանց հետևում են Ազատ դեմոկրատական կուսակցության ընտրողները (83%) և Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալիստական միության ընտրողները (75%)։ «Շատ գերմանացիների շրջանում եվրոյի՝ իրենց համար ոչ հասկանալի ճգնաժամը թեև և առաջացնում է վախի զգացում, այնուամենայնիվ, հենց արժույթի նկատմամբ վերաբերմունքի վրա արդեն չի ազդում»,- երկրում տրամադրությունների փոփոխությունը պարզաբանում է Forsa ինստիտուտի ղեկավար Մանֆրեդ Գյուլները։

1948թ․ սահմանված գերմանական մարկը տասնամյակներ շարունակ արևմտյան գերամանացիների համար եղել է ազգային ինքնության մի մասնիկ, իսկ Բունդեսբանկը՝ գերմանական փոխարժեքի կայունության մարմնավորում։ Ըստ ամենայնի՝ այժմ Գերմանիայի քաղաքացիները գիտակցել են եվրոպական միասնական արժույթի առավելությունները։ Չէ՞ որ այն պահին, երբ եվրոն սահմանվում էր, մայրցամաքի խոշորագույն տնտեսությունը դեռ համարվում էր «Եվրոպայի հիվանդ խնամառու», իսկ այսօր դարձել է ամենաուժեղը տարածաշրջանում։ Գերմանիայում գործազրկության մակարդակը 7,2% է, իսկ Եվրոպայում այս ցուցանիշը (հաշվի չառենլով Գերմանիան) միջինում ավելի քան երկու անգամ բարձր է։

Այն դեպքում, երբ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տնտեսություններին 2013թ․ սպասվում է ռեցեսիա, իսկ Ֆրանսիայի տնտեսությանը՝ ստագնացիա, Գերմանիայի ՀՆԱ-ն, համաձայն Եվրահանձնաժողովի կանխատեսման, կաճի 0,5%-ով, իսկ 2014-ին՝ 2%-ով։ Այդ իսկ պատճառով ամենևին պատահական չէ, որ համաձայն Warth & Klein Grant Thornton միջազգային խորհրդատվական ընկերության հարցման՝ տնտեսական կոնյունկտուրայի աճի հեռանկարին ավելի լավատեսորեն են նայում հենց Գերմանիայի ձեռնարկատերերը։