Ր. Հովհաննիսյանը ցուցարարների ճնշմամբ շարժվեց Բաղրամյան 26

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում որոշեց կողմնակիցների հետ միասին շարժվել Բաղրամյան 26: Հատկանշական է, որ որոշումն ընդունվեց հանրահավաքի մասնակիցների ճնշմամբ. նրանք սկսեցին սուլել և բացականչել «հիմա», երբ Հովհաննիսյանը հայտարարեց, որ երթով շարժվելու են միայն Ծիծեռնակաբերդ:

«Այժմ մենք մոմերով գնում ենք Բաղրամյան 26: Ոստիկանությո´ւն, ձեր կերուխումը ավարտվեց, բացե´ք ճանապարհները, մենք առանց ավելորդ խոսքի, լռությամբ շարժվելու ենք Բաղրամյան 26»,- հայտարարեց Հովհաննիսյանը` նշելով, իրենք խաղաղ, ձեռք-ձեռքի տված գնում են իրենց պատկանող Բաղրամյան 26-ը:

«Ժառանգության» առաջնորդը ոստիկաններին կոչ արեց մի կողմ դնել վահանները, սաղավարտները, քանի որ իրենք չեն գրոհելու:

Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ խոսեց նաև ապրիլի 9-ին ձերբակալված մի շարք ակտիվիստների մասին` կոչ անելով ոստիկանապետ Վովա Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին «քաղբանտարկյալներին ազատ արձակել»:

«Վերցրե´ք ինձ, Սերժ Սարգսյան, վեցրե´ք ինձ, կեղտոտ դատախազ Աղվա´ն Հովսեփյան, Սեյրա´ն Օհանյան, վերցեք ինձ, Վովա´ Գասպարյան, վերցրե´ք ինձ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա ներկաներին տեղեկացրեց, որ ապրիլի 10-ի առավոտյան մտադիր է գնալ Մոսկվա, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հաղթանակ բերելու Հայաստան: Հովհաննիսյանը նշեց, որ նա պատրաստ է գնալ ցանկացած երկիր՝ հաղթանակը բերելու համար:

Հանրահավաքի ներկաների «հիմա» վանկարկումներին Հովհաննիսյանը պատասխանեց, որ «հիմա»-ի հետ պետք է գոչել նաև «հավերժ», և ոչ ոք «հիմա»-ն չպետք է փոխի «հավերժով»:

«Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կրկին տեղի կունենա երկուժամանոց հանրահավաք, որի ընթացքում ինքը կներկայացնի ապագա իշխանության պատկերը և «Բարև Երևան» դաշինքի ծրագիրը:

Մեկնաբանել