Ս.Սարգսյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային. հաղորդում են ՀՀ նախագահի գրասենյակից:

Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում` նա հույս է հայտնել, որ այս այցը խթան կհանդիսանա հայ-ռումինական քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Ռումինիայի խորհրդարանի պալատի նախագահը, վերընտրման կապակցությամբ վերստին շնորհավորելով Սերժ Սարգսյանին, վստահեցրել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը և մասնակցությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելու՝ Ռումինիայի պատրաստակամության մասին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: