Բաղրամյան պողոտայում լարվածություն չկա. Փաշինյան

Բաղրամյան պողոտայում որևէ լարվածություն չկա, և ես այստեղ եմ իմ ընտանիքի հետ միասին. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը լարվածություն է տեսնում ոստիկանապետի դեմքին:

Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո չի շփվել քաղաքացիների հետ, և եթե Բաղրամյան 26-ը փակ է քաղաքացիների համար, ապա «ո՞ւմ կողմից է ընտրվել նա նախագահ»:

Պատգամավորի խոսքով՝ ապրիլի 9-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «երդմնակալության արարողության» ժամանակ Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր, իսկ Սերժ Սարգսյանը փակվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և փոքր խմբով էր իրականացնում իր երդումը:

«Ես մեծ հաշվով տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում, և «Ժառանգության» անդամները, ըստ ամենայնի, տեղեկատվության են սպասում»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ են հիմա «Ժառանգության» ներկայացուցիչները: Նա հավելեց, որ Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը իր համար տարօրինակ է, քանի որ քաղաքացիներն ընդամենը ցանկանում են Ծիծեռնակաբերդ գնալ, իսկ ոստիկանները չեն թողնում:

«Քանի դեռ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում է, ՀՀ պետական անվտանգությունը վտանգի տակ է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը երկար ժամանակ փնտրում է այն մարդկանց, որոնք ընտրել են Սերժ Սարգսյանին: