Է.Նալբանդյանն ընդունել է Սիրիայի նախագահի հատուկ բանագնացին

Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին. տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ադնան Մահմուդը ներկայացրել է Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինված բախումների դադարեցմանն ուղղված ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող ճգնաժամի և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ սիրիահայությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարգավորման միակ ճանապարհը Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջև երկխոսությունն է և հույս հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից և համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում:

Մեկնաբանել