Աղոթենք, որ փոխենք

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Ապրիլի 9-ը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես յուրահատուկ ամսաթիվ: Այդ օրը երկու երդմնակալություն տեղի ունեցավ՝ Մարզահամերգայինում երդվեց Սերժ Սարգսյանը, իսկ Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ազատության հրապարակի ապրիլի 9-ի հանրահավաքը թերևս ամենամարդաշատն էր վերջին շրջանի հանրահավաքներից: Սակայն այդ մարդաշատությունը պայմանավորված էր ոչ թե մարդկանց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմանը ներկա լինելու ցանկությամբ, այլ պարզապես նրանց՝ փոփոխությունների պահանջով: Նրանք եկել էին՝ Հովհաննիսյանից ակնկալելով կոնկրետ և անհետաձգելի քայլեր:

Այդ առումով բավական բարդ իրավիճակում էր հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մի կողմից նա մարդկանց հավաքել է փողոցում, մյուս կողմից՝ անհասկանալի և ոչ հստակ կոչերով նրանց հորդորում էր տուն գնալ և պատրաստվել Երևանի ավագանու ընտրություններին: Բայց մարդիկ Ազատության հրապարակում հավաքվել էին ոչ թե «Բարև Երևան» դաշինքին սատարելու, այլ նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ իրենց անհամաձայնությունը հայտնելու:

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես քաղաքական գործիչ, պետք է հաշվարկած լիներ իր հնարավոր քայլերը, երբ մարդկանց ոչ միայն Երևանից, այլև մարզերից (ի դեպ, մարզերից բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել) հրավիրում էր «Նոր Հայաստան» միջոցառմանը:

Սակայն իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ չէր բազմամարդ հանրահավաք ղեկավարելու: Իրավիճակն ըստ էության դուրս եկավ նրա վերահսկողությունից:

Կարելի է ասել, որ Բաղրամյան 26 շարժվելու որոշումը եղավ ժողովրդի պարտադրանքով:

Ընդամենը ոստիկանական մի քանի պատնեշ, և Րաֆֆի Հովհաննիսյանը որոշումը փոխեց: Ավելին, հավաքաված բազմության մեծ մասը տեղյակ չէր որոշման փոփոխության մասին և թե ուր է Րաֆֆին:

Ու մինչ մարդիկ կանգնած էին ոստիկաններին դեմ հանդիման, պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մերձավորների հետ հայտնվել է Ծիծեռնակաբերդում ու աղոթում է ոստիկանապետի հետ, որի հրաժարականն էր պահանջում ընդամենը ժամեր առաջ:

Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է առաջնորդում ժողովրդին, այլ ժողովուրդը նրան, ընդ որում՝ բավական տարերային ձևով:

Ապրիլի 9-ը կարելի է համարել փետրվարի 18-ից հետո սկսված շարժման ուշագրավ հանգրվան. այն այլևս Րաֆֆի Հովհաննիսյանի վերահսկողությունից դուրս է: Այդ շարժման էներգիան ու գոլորշին այդպես էլ դուրս չեկան ու կարող են ժայթքել ամեն պահի:

Մեկնաբանել