Եվրոպա՝ վաճառվող բրենդ

Եվրոպայում այսօր ոչ միայն տնտեսական ճգնաժամերի շղթա է, այլև արժեքային: Վերջին քսան տարում հատկապես շատ ենք լսում եվրոպական արժեքների, եվրոպական չափանիշների մասին: Իրականում արժեքները ասիական կամ եվրոպական չեն լինում, դրանք լինում են համամարդկային: Եվ վերագրելով դրանք Եվրոպային՝ մենք ենթագիտակցորեն բացառում ենք եվրոպացիների կողմից այդ արժեքների խախտումը: Եվրոպական արժեքները, դրանց հիման վրա կամ դրանք տարածելու համար ստեղծված կազմակերպությունները դարձել են բրենդ, որը վաճառվում է:

Եվրոպական կառույցներից հատկապես քննադատության է արժանանում Եվրոպայի խորհուրդը: Երկրներին ժողովրդավարական չափանիշներ պարտադրող և մարդու իրավունքների պաշտպանությամբ հայտնի այս կառույցը շատ եվրոքննադատների կողմից որակվում է որպես անիմաստ բյուրոկրատական կառույց: Հստակ չափանիշների շրջանակ գծելով նախկին խորհրդային և սոցճամբարի երկրների համար՝ եվրոպացիները նպատակ ունեին ժողովրդավարական արժեքները ներմուծել ավտորիտար և տոտալիտար ռեժիմները թևակոխած պետական համակարգեր և հասարակություններ:

Միգուցե հենց 1990-ական թթ. էլ ԵԽ-ն ունեցավ իր ամենատրամաբանված գոյությունը, որը երկար չտևեց: Հետագայում միջազգային քննադատությունն ավելացավ նշաձողերն իջեցնելու, ժողովրդավարության տարածման մեջ անկարող լինելու կապակցությամբ: Վերջերս բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը իր «Ադրբեջանը և Եվրոպայի խորհուրդը» հոդվածում քննադատության է ենթարկում եվրոպական կառույցին՝ Ադրբեջանին իր մեջ պահելու համար: Ադրբեջանն ընդգրկվել էր այս կառույցի մեջ՝ ստանձնելով որոշակի պարտավորություններ, որոնք մեծ մասամբ չի կատարել, հատկապես մարդու իրավունքների հետ կապված: Հոդվածագիրն անդրադառնում է նաև «խավիարային դիվանագիտությանը»՝ ադրբեջանցիների կողմից եվրոպական պաշտոնյաներին կաշառելուն՝ նվերների, ադրբեջանցիների կողմից վճարվող թանկարժեք գործուղումների տեսքով:

Քիչ թե շատ իրեն արդարացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը թույլ է տալիս սեփական երկրում դատական ինստանցիաները սպառած և արդարության չհասած քաղաքացիներին դիմել Ստրասբուրգ:

Բավական մոտիկից ծանոթ լինելով համաեվրոպական հասարակական որոշ կազմակերպությունների և ցանցերի՝ վստահաբար կարող եմ նշել, որ նվերների ու գործուղումների սպասում են ոչ միայն Եվրախորհրդի, եվրոպական տարբեր երկրների պաշտոնյաները, խորհրդարանականները, այլև բավական երիտասարդ, ընդհուպ ուսանողական կառույցների ներկայացուցիչները: Այս երիտասարդ եվրոպացի կարիերիստները նույնիսկ իրենց կազմակերպությունների կանոնադրություններն են սիրահոժար խախտում՝ ադրբեջանցի ընկերների խնդրանքով կամ շանտաժով:

«Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի հրատարակած ուսումնասիրությունը «խավիարային դիվանագիտության վերաբերյալ» լրացուցիչ փաստեր է ապահովում մեր պնդման համար, որ Եվրոպան ընդամենը բրենդ է, որը վաճառվում է: Եվրոպայի խորհուրդ, եվրոպական զանազան միություններ, շարժումներ, ֆորումներ, ուսանողական կառույցներ՝ ամեն ինչ վաճառվում է:

Մոտավորապես այնպես, ինչպես վաճառվում է «Մարիոթի» կամ «Մակդոնալսի» բրենդները, վճարիր և վերցրու: Ուղղակի մի տարբերությամբ՝ համաշխարհային առևտրային կամ հյուրանոցային բրենդները բավական ուշադիր են իրենց կողմից նախատեսված չափանիշների նկատմամբ, իսկ եվրոպական բրենդներ վաճառողները՝ ոչ այնքան: Չափանիշները ոչինչ, միայն թե խավիարը շատ լինի: