Հայաստանը կլինի աշխարհի ներքին աուդիտի քարտեզում

Ներքին աուդիտորների ինստիտուտը (Institute of Internal Auditors) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1941թ.: Կառույցին անդամակցում է ավելի քան 170 հազ. մասնագետ՝ աշխարհի 165 երկրներից: Ինստիտուտը ներկայացված է ավելի քան 105 երկրներում, այդ թվում՝ արդեն Հայաստանում: Կազմակերպության նպատակն է ներքին աուդիտորներին համախմբելը և ներքին աուդիտի մասնագիտությունը զարգացնելը: Հայաստանում աուդիտի շուկայի խնդիրների և զարգացումների շուրջ «Օրակարգը» զրուցել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ, Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանի հետ:

— Պարոն Չալաբյան, ինչո՞ւ որոշվեց ստեղծել «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանը»։

— Նախ ասեմ, որ Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտին անդամակցել է տասը տարի առաջ։ Այսօր այն աշխատում է միջազգային ստանդարտներին համապատասխան: Առնվազն հինգ տարին մեկ հրավիրվում է արտաքին գնահատող, որը եզրակացություն է տալիս, թե որքանով են ներքին աուդիտի աշխատանքները համապատասխանում միջազգային չափանիշներին։ 2007թ., օրինակ, վերստուգիչ խմբի աշխատանքները գնահատվել էին որպես մասամբ համապատասխանող աուդիտի միջազգային ստանդարտներին, իսկ ահա անցած տարի նույնպես անցկացվել է արտաքին գնահատում, և մենք արդեն ամբողջությամբ համապատասխանում ենք ստանդարտներին։

Ինչ վերաբերում է հայաստանյան ինստիտուտի ստեղծմանը, ապա այդ ուղղությամբ մեր գործընկերների, մասնավորապես՝ «ԱրմենՏելի» ներքին աուդիտորների հետ, մենք աշխատել ենք մոտ երկու տարի, և անցած տարի նոյեմբերին Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտը որոշել է հիմնադրել և ճանաչել «Ներքին աուդիտորների ինստիտուտ–Հայաստան» հասարակական կազմակերպությունը: Կառույցին ժամկետ է տրված մի շարք չափանիշներ բավարարելու համար՝ մինչև լիիրավ ինստիտուտ դառնալը: Հիմա մենք ձևավորման փուլում գտնվող ինստիտուտ ենք։ Այն ըստ էության մասնագետների ասոցիացիա է և ունի 35 անդամ, որոնք ներքին աուդիտով և ռիսկերի կառավարմամբ զբաղվող որակավորված մասնագետներ են, աշխատում են Կենտրոնական բանկում, ֆինանսների նախարարությունում, ֆինանսական (բանկեր, ապահովագրական ընկերություններ) հատվածում, հեռահաղորդակցության ոլորտում, աուդիտորական ընկերություններում և հասարակական կազմակերպություններում: Նվազագույն խնդիրը առաջիկա երկու-երեք տարիներին անդամների թիվը 50-ի հասցնելն է, սակայն կարծում եմ՝ այդ ցուցանիշին կհասնենք արդեն այս տարի։

— Ի՞նչ կտա ինստիտուտի գոյությունը Հայաստանի շուկային։

— Հայաստանը ներկայացված կլինի աշխարհի ներքին աուդիտի քարտեզում 105-ից ավելի երկրների շարքում, որտեղ կան ինստիտուտի ներկայացուցչություններ: Ինստիտուտի նպատակն է ներքին աուդիտի մասնագիտության առաջխաղացումը Հայաստանում: Ներքին աուդիտի ստանդարտները և այլ մասնագիտական գրականություն հայերենով հասանելի կլինեն հայաստանյան մասնագետներին և ուսանողներին: Նախատեսվում է նաև կազմակերպել դասընթացներ և քննարկումներ: Բացի այդ՝ հայաստանյան ինստիտուտի անդամակցության վճարը երեք անգամ պակաս է գլոբալ ինստիտուտի անդամավճարից, թեև տալիս է նույն իրավունքներն ու հնարավորությունները՝ ստանալ զեղչեր մասնագիտական գրականությունից և միջազգային ինստիտուտի այլ հրապարակումներից օգտվելիս, միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցելիս, ինչպես նաև որակավորման քննություններ հանձնելիս։
Մեկ այլ հնարավոր ուղղություն է ներքին աուդիտորի հայկական որակավորման մշակումը, որի հնարավոր սպառողների թվում կարող են լինել նաև պետական համակարգի ներքին աուդիտորները, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Տեղական որակավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ միջազգային ինստիտուտի որակավորում ստանալը բավական բարդ և թանկ գործընթաց է և հայերենով հասանելի չէ։

— Հայաստանում ներքին աուդիտի համակարգը կայացման փուլում է, քայլեր ձեռնարկվում են, գործընթացը, սակայն, դանդաղ է ընթանում։

— Երբ օրենքի ուժով պարտադրվում է կառավարման որևէ գործառույթ, ինչպիսին է, օրինակ, ներքին աուդիտը, իսկ ընկերությունները չեն գիտակցում դրա կարևորությունը, այդ գործառույթը լիարժեք չի գործում։ Այս դեպքում գրվում են օրենքներ կամ կանոնակարգեր, սահմանվում են կանոններ, և վերահսկող մարմինը ստուգում է այդ կանոնների պահպանումը։ Ներքին աուդիտի միջազգային ստանդարտները ոչ թե կանոնների հավաքածու են, այլ սկզբունքների, ինչը նշանակում է, որ պետք է համապատասխանել ստանդարտի ընդհանուր նպատակներին և տրամաբանությանը։ ՀՀ ԿԲ-ի դեպքում, օրինակ, որևէ տեղ գրված չէ, որ պետք է աշխատել միջազգային ստանդարտներով, բայց ներքին աուդիտը զարգացել է և անցել միջազգային ստանդարտների, ինչը պայմանավորված է կառույցի կորպորատիվ կառավարման բարձր մակարդակով։ Պետք է հաշվի առնել, որ ներքին աուդիտը կառավարման համակարգի մի մասն է միայն։ Կառավարման բացակայության, այդ թվում՝ խորհրդի, հաշվետվողականության և ներքին հսկողության համակարգի բացակայության պայմաններում հնարավոր չէ լավ ներքին աուդիտ ունենալ։

— Ի՞նչն է խանգարում պետական համակարգում կամ կառավարությունում ներքին աուդիտի ինստիտուտի կայացմանը։

— Մեր ինստիտուտի խորհրդում պետական համակարգից ներկայացված անդամ ունենք՝ ֆինանսների նախարարությունից։ Նախարարությունը բավական լուրջ գործ է արել կարգավորման մասով, ստանդարտներն են թարգմանվել, օրենք է գրվել, և ակտիվ աշխատանքներ են տարվում պետական համակարգում ներքին աուդիտի գործառույթը ներդնելու համար։ Վստահ եմ, որ ներքին աուդիտը կզարգանա պետական համակարգի կատարելագործմանը զուգահեռ։ Դրա համար պետք է համբերատար և հետևողական լինել: Ինչպես նշեցի, Կենտրոնական բանկում մոտ տասը տարի պահանջվեց միջազգային ստանդարտներին ամբողջությամբ համապատասխանող ներքին աուդիտի գործառույթ կայացնելը: Այսօր դեռևս թյուր կարծիք կա, որ ներքին աուդիտը պետք է փակի կառավարման բացերը, սակայն դա ղեկավարության գործն է: Ներքին աուդիտը միայն կարող է վեր հանել խնդիրները, և այս ուղղությամբ իրազեկման աշխատանքներ տանելու կարիք կա:

Ինչ վերաբերում է ներքին աուդիտի գործառույթի զարգացմանն ու կայացմանը, ասեմ, որ ընկերությունների միջև մրցակցությունը կստիպի ավելի արդյունավետ կառավարում իրականացնել: Հայաստանյան ընկերություններն աստիճանաբար հասկանում են ներքին աուդիտի կարևորությունը, քանի որ ընդլայնմանը զուգահեռ բարդանում է կառավարումը և վերահսկողությունը։

— Հայաստանում ներկայացված են աշխարհի չորս խոշոր աուդիտորական ընկերությունները։ Արդյոք մեր շուկան գրավի՞չ է, կա՞ զարգացման ներուժ։

— Ցավոք, այդ խոշոր չորս ընկերություններից գոնե երեքի գրասենյակները նույնիսկ Հայաստանի մասշտաբներով փոքր են, և մեր արտաքին աուդիտի շուկան է դեռևս փոքր։ Այդ ընկերությունների մուտքը մի քանի գործոնով է պայմանավորված։ Նրանք ունեն գրասենյակներ Ռուսաստանում, որոնց հաճախորդների դուստր ընկերությունները գործում են Հայաստանում։ Հաճախորդը, որն ունի դուստր ընկերություններ, ներկայացնում է համախմբված ֆինանսական հաշվետվություններ, ինչի համար անհրաժեշտ է, որ դուստր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները ևս արտաքին աուդիտի ենթարկվեն, որից հետո դրանք կհամախմբվեն մայր ընկերության հաշվետվությունների հետ։ Սա է Հայաստանում գրասենյակներ բացելու պատճառներից մեկը։ Հայաստանյան գրասենյակները ոչ միայն ծառայություններ են մատուցում, այլև բարձրակարգ կադրեր են պատրաստում։ Տարվա այն ժամանակահատվածում, երբ աշխատանքները ծանրաբեռնված չեն, կադրերը ներգրավվում են արտերկրի պատվերներում։

Աշխարհում արտաքին աուդիտի զարգացման կարևոր նախադրյալ է զարգացած կապիտալի շուկան։ ԱՄՆ-ում, օրինակ, յուրաքանչյուր երկրորդ բնակիչը որևէ ընկերության բաժնետեր է, և արժեթղթերը ընկերությունների կապիտալի համալրման հիմնական աղբյուրից են։ Գերմանիայում յուրաքանչյուր հինգերորդն է բաժնետեր, իսկ կապիտալի համալրման հիմնական աղբյուր են ֆինանսական հաստատություններից ստացված երկարաժամկետ միջոցները։ Համապատասխանաբար ԱՄՆ-ում արտաքին աուդիտի շուկան ավելի զարգացած է:

Արտաքին աուդիտը բաժնետերերի և ընկերության միջև հարաբերությունների դաշտում է։ Բազմաթիվ բաժնետերեր ունեցող ընկերության բաժնետերերը ընկերության ֆինանսական վիճակի մասին տեղեկանում են միայն հրապարակվող ֆինանսական հաշվետվություններից, որոնց արժանահավատությունը հավաստում է անկախ արտաքին աուդիտորը։ Հայաստանում աուդիտորական գործունեության դաշտը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, կընդլայնվի կապիտալի շուկայի զարգացմանը զուգահեռ։

Մեկնաբանել