Գարեգին Բ-ն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահին

Ապրիլի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Շտեֆան Զգոնեային, հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից:

Հանդիպմանը Վեհափառ հայրապետը գոհունակությամբ անդրադարել է երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին` նշելով նաև, որ ռումին ժողովրդի խորը հավատքի, մարդասիրական ազնիվ ոգու շնորհիվ է, որ հայ ժողովրդի զավակները Ռումինիայում կարողացել են կերտել իրենց հոգևոր մշակութային արժեքները, նշանակալի ներդրում ունենալ Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և որպես եղբայրներ ապրել ռումին ժողովրդի կողքին: Վեհափառ Հայրապետը ընդգծել է նաև, որ երկու ժողովուրդների բարեկամության ակունքներում կանգնած է նաև Եկեղեցին:

Իր հերթին Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդումը` նշելով, որ պատմությունն ու մշակույթն արդեն իսկ մոտեցնում են երկու ժողովուրդներին: Վալերիու Շտեֆան Զգոնեան անդրադարձել է նաև եկեղեցու կարևոր դերակատարությունը ժողովուրդների կյանքում խաղաղության հաստատման գործում:

Հանդիպմանը ներկա էին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիկսոպոս Հակոբյանը և Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն: