Yahoo!-ն ու Apple-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը

Ամերիկյան ինտերնետային Yahoo! և տեխնոլոգիական Apple ընկերությունները մտադիր են ընդլայնել իրենց համագործակցության շրջանակը: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, ընկերությունները քննարկում են բոլոր այն հնարավորությունները, որոնց իրագործման դեպքում Yahoo!-ի ծառայությունները կարևոր դեր կխաղան iPhone և iPad սարքավորումներում:

Ներկայում iPhone-ում տեղադրված են բջջային ծրագրեր, որոնք օգտագործում են Yahoo! Finance-ի և Yahoo! Weather-ի տվյալները: Ավելին` ընկերությունները քննարկում են նոր պայմանագրերի կնքման հնարավորությունները, որոնց դեպքում սմարթֆոնում կտեղադրվեն Yahoo!-ի այլ ծառայություններ ևս, օրինակ` Yahoo! News-ը:

Նշենք, որ Yahoo!-ի և Apple-ի միջև նոր համաձայնագրեր դեռ չեն կնքվել, իսկ բանակցությունների ելքը հայտնի չէ: Նշվում է, որ բջջային նոր ծրագրերը հասանելի կլինեն Apple սարքավորումներում Siri ձայնային օգնականի առկայության դեպքում: