Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն համոզված է, որ ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցը ներկայացված կլինի Հայաստանում: Այս մասին ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դեսպանը: Նրա խոսքով` Carrefour-ի Հայաստան գալը ոչ թե քննարկումների, այլ գործողությունների խնդիր է:
«Ներկայում ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,- ասաց Ռենոն:
Հարցին, թե արդյոք Ֆրանսիայի դեսպանն այս հարցը քննարկել է Հայաստանի իշխանությունների հետ, Ռենոն պատասխանեց, որ սովորաբար բոլոր հարցերի շուրջ ինքը քննարկումներ ունենում է հայաստանյան իշխանությունների հետ, սակայն դրանց մասին լրատվամիջոցներին չի հաղորդվում:
Ըստ ՍիվիլՆեթի՝ Carrefour-ը Հայաստանում բախվել է լուրջ դիմադրության՝ ի դեմս պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի («Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր) և Արտակ Սարգսյանի (ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր)։ Carrefour-ը, որը հայկական շուկա մուտք գործելու համար կատարել է $17 մլն-ի ծախսեր, մուտքի խոչընդոտների հետ կապված խնդիրները քննարկել է իշխանությունների հետ։ Չնայած Carrefour-ի մուտքը հայկական շուկա ողջունել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ-ի լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարը շարունակում է անորոշ մնալ։