Սննդի վերամշակման ոլորտին նվիրված հետազոտություն` «Ամերիա»-ից

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն ապրիլի 10-ին ներկայացրեց իր նոր հետազոտությունը, որը նվիրված է սննդամթերքի վերամշակման ոլորտին:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով` հետազոտությունը տվյալներ է պարունակում Հայաստանի մակրոտնտեսական ոլորտում առկա իրավիճակի մասին և ներկայացնում Հայաստանում սննդի արտադրության ծավալները` զուգահեռներ անցկացնելով այլ երկրների հետ:

«Ամերիա» խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ներկայացնելով հետազոտությունը, ասաց, որ այն նպատակ ունի փաստերի և թվերի միջոցով արտացոլել իրական շուկայական իրավիճակն ու իրենց հաճախորդներին շուկայի վերաբերյալ հստակ տեղեկություններ տրամադրել։

«Մենք այսօր առաջարկում ենք խմիչքի և ծխախոտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, ինչպես նաև այլ ոլորտներին առնչվող ավելի հակիրճ տվյալներ»,- ասաց նա` հավելելով, որ հետազոտությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այն ձեռք բերելու դեպքում։

2012թ. հոկտեմբերից ի վեր «Ամերիան» ներկայացրել է Հայաստանի ոլորտներին նվիրված արդեն երկու հետազոտություն: Դրանցից առաջինը նվիրված էր արագ սպառման ապրանքների շուկային և Երևանում սպառողների նախասիրություններին, իսկ երկրորդը` Հայաստանի զբոսաշրջությանը և հյուրանոցային գործունեության ոլորտին: