Եվրապատգամավորները հնարավոր է՝ ստիպված լինեն բացահայտել լոբբիստների հետ շփումները

Բրյուսելում ծագում է սկանդալ, որի հետևանք կարող է դառնալ Եվրախորհրդարանի պատգամավորների՝ ընկերությունների ու ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքի կանոնների խստացումը։ Սա է պահանջել Ավստրիայից եվրախորհրդարանական Հանս Պետեր Մարտինը՝ հրապարակելով տարբեր լոբբիստներից ստացած միջոցառումների ընդհանուր մինչև €65 հազ․ արժողությամբ հրավերների իր օրագիրը, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

Պատգամավոր Մարտինը իր ստացած առաջարկները սկսել է գրանցել ու համակարգել երկու տարի առաջ այն բանից հետո, երբ մեղադրվեց նախընտրական արշավի նախապատրաստմանը ավելի քան €1 մլն ծախսելու մեջ։ Ինքը՝ քաղաքական գործիչն ու գերմանական Der Spiegel պարբերականի նախկին լրագրողը, վստահեցնում է, որ մեղադրանքները կեղծել են իր ընդդիմախոսները՝ դժգոհ լինելով իր՝ Ավստրիայում ու Եվրախորհրդարանում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարից։ Այժմ Մարտինը մտադիր է հասնել նրան, որ մյուս պատգամավորներն էլ հաշվետվություն ներկայացնեն լոբբիստական և ոչ առևտրային կազմակերպությունների հետ իրենց շփումների մասին։

Եվրախորհրդարանականն իր կայքում հրապարակել է իր՝ վերջին երկու տարիներին ստացած մոտ մեկուկես հազար հրավերների կրկնօրինակները։ Ամենից հաճախ խոսքը գործնական ու հանդիսավոր ընթրիքների մասին է։ Կան նաև արտասահման ուղևորությունների ու ծառայությունների թեստավորման հրավերներ։ Այդպիսի «նվերների» (որոնք պատգամավորը պարբերաբար հրաժարվել է ընդունել) ընդհանուր արժողությունը Մարտինը գնահատել է €65 հազ․։ Նա պարզաբանել է, որ բոլոր հրավիրողները զբաղվում են ինչ-որ մեկի շահերի լոբբիով, 334 դեպքում այդ մասին ասվում է ուղղակի․ հրավերները ուղեկցվում են «անհրաժեշտ փոփոխությունների մասին առաջարկներով կամ քվեարկության վերաբերյալ պահանջներով»։

Պատգամավոր Մարտինը մտավախություն է հայտնում․ եթե ընկերություններն ու լոբբիստական խմբերը պատրաստ են այդպիսի ընծաներ մատուցել Եվրախորհրդարանի շարքային անդամին, ապա ազդեցիկ պատգամավորների նկատմամբ ճնշումը կարող է ավելի մեծ լինել։ «Հարկ է պատգամավորներին պարտավորեցնել անհապաղ հրապարակել տեղեկատվություն լոբբսիտների հետ շփումների մասին և արգելել ընդունել ավելի քան €10 արժողությամբ նվերներ»,- առաջարկել է Մարտինը։

Ավստրիացի պատգամավորի քննադատության հետ համաձայն են նրա ոչ բոլոր գործընկերները։ «Կարծում եմ՝ Մարտինը խիստ գերագնահատել է Եվրախորհրդարանում սեփական նշանակությունը,- հայտարարել է Լատվիայից եվրախորհրդարանական Ալեքսանդր Միրսկին։ – Մի պատգամավորը որոշումների վրա ազդելու հնարավորություն չունի։ Եթե համաժողովների, կլոր սեղանների, ընթրիքների, ճաշերի ու նախաճաշերի բոլոր հրավերները ընկալում ես որպես կաշառման փորձ, բժշկի մոտ ստուգվելու ժամանակն է»։

Միաժամանակ՝ համաձայն փորձագետների գնահատման՝ տարբեր խմբերի ու ընկերությունների շահերի լոբբիով միայն Բրյուսելում հնարավոր է՝ զբաղվում է մոտ 15 հազ․ մարդ։ Դա արվում է ինչպես պաշտոնապես՝ լոբբիստական ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով, այնպես էլ՝ ոչ պաշտոնական միավորումների, օրինակ՝ ազգային ասոցիացիների կամ շրջանավարտների ակումբների շրջանակում։ «Լոբբիստների դերը ԵՄ-ում մեծ է, և հավանաբար կան պատգամավորներ, որոնք ստանում են շատ ավելի շատ առաջարկներ։ Ընդ որում՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, այստեղ չկա շահերի լոբբինգի թափանցիկության ու էթիկայի նկատմամբ խիստ վերահսկողություն,- պարզաբանում է բրյուսելյան «Հանուն լոբբինգի թափանցիկության ու էթիկայի կարգավորման միության» (ALTER-EU) փորձագետ Օլիվիե Հուդեմանը։ – Պատգամավորի՝ լոբբիստների հետ աշխատանքի էթիկայի որոշ կանոններ համաձայնեցվել են 2011թ․ կոռուպցիոն խոշոր սկանդալից հետո, սակայն դա բավարար չէ։ Հասկանալ, թե որտեղ է լոբբիզմի ու կոռուպցիայի միջև սահմանագիծը, գործնականում շատ դժվար է»։ Հուդեմանի խոսքով՝ կարևոր է ընկերություններին ու ոչ առևտրային կազմակերպություններին պարտավորեցնել իրենց նույնականացնել որպես լոբբիստներ, իսկ պատգամավորներին՝ հաշվետվություն ներկայացնել միջոցառումների ու ուղևորությունների վերաբերյալ։