Ապրիլի 9-ի բացթողումն այն էր, որ բացակայում էին օրենքով նախատեսված կարգադրիչները. Ա. Ղուկասյան

Ապրիլի 9-ի բացթողումն այն էր, որ բացակայում էին օրենքով նախատեսված կարգադրիչները, որոնք պետք է ապահովեին ամբոխի կառավարումը և վարումը: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով Մաշտոցի պողոտայում ապրիլի 9-ին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների և ոստիկանների միջև ծագած լարվածությանն ու որոշակի բախումներին:

Նրա խոսքով` Հովհաննիսյանի` Բաղրամյան պողոտայում ուղղությունը փոխելու մասին հայտարարությունը ոչ բոլորը լսեցին, հասկացան և ենթարկվեցին:

«Եթե փորձեմ քանակական գնահատականներ տալ, ապա Ազատության հրապարակում սկզբնապես առկա 5-6 հազ. քաղաքացիներից առավելագույնը 2 հազ-ը գնաց Հովհաննիսյանի հետ Ծիծեռնակաբերդ»,- ասաց Ղուկասյանը` հավելելով, որ Բաղրամյան պողոտայում մնացած ժողովրդի համար սկզբնապես պատասխանատու էր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, սակայն նրան բերման ենթարկելուց հետո պողոտայում իրականացվող գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց ինքը:

«Քանի որ ոստիկանական ուժերի թիվը գերազանցում էր պողոտայում գտնվող քաղաքացիների թիվը, վերջիններս ակտիվ դիմադրությամբ որևէ բանի չէին հասնի»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն` պարզաբանելով, թե ինչու ինքը նստացույցի կոչ արեց և դիմեց խաղաղ դիմադրության:

Անդրադառնալով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիներին ուղղված ոստիկանության հրահանգին` ազատել պողոտան 15 րոպեում` Ղուկասյանը նշեց, որ այդ հրահանգը հեգնանք էր քաղաքացիների նկատմամբ:

Ղուկասյանն անընդունելի որակեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` Մոսկվա մեկնելու մասին արած հայտարարությունը` նշելով, որ այստեղ ամենակարևոր հարցը հակակրիմինալ հեղափոխություն իրականացնելն է, որին կարելի է սկիզբ դնել ապրիլի 9-ից հետո:

Նախագահի նախկին թեկնածուն նշեց նաև, որ ապրիլի 8-ի երեկոյան Հովհաննիսյանն իրեն է ներկայացրել ապրիլի 9-ի գործողությունների ծրագիրը, որը մի շարք հարցեր էր առաջացրել: Նրա խոսքով՝ այդ հարցերն ապրիլի 9-ին առաջացան նաև ժողովրդի մոտ, որոնք չէին հասկանում, թե ինչու պետք է ժամը 12:00-ից մինչև 18:00-ը սպասեն:

«Իմ կարծիքով` այդ անորոշությունը չի բարձրացնի Րաֆֆիի համբավը որպես լիդերի»,- ասաց Ղուկասյանը՝ իրեն ևս պատասխանատու համարելով հիասթափված քաղաքացիների համար: