Ս. Սարգսյանն ընդունել է Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը, որն օտարերկրյա բարձրաստիճան այլ հյուրերի թվում Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները: Վլադիմիր Անդրեյչենկոն վերստին շնորհավորել և իր ու իր երկրի ղեկավարության անունից հաջողություններ է մաղթել Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում: Նա ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ և եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին, անձամբ Սերժ Սարգսյանին, որը մեծ դեր ունի ինչպես հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում:

ՀՀ նախագահը և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Նկատի առնելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն, զրուցակիցներն ընդգծել են տնտեսական հարաբերությունները երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը և այդ համատեքստում քննարկել փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: