Երևանն ու Բուխարեստը կհամագործակցեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի` նախատեսվում է մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալել երկկողմ համագործակցություն, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Համագործակցության համատեքստում մեր առաջին քայլը մտադրությունների հուշագրի ստորագրումն էր: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի, ինչպես նաև փորձի փոխանակման իրականացումը քաղաքային տնեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում: Մենք բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ համագործակցություն ծավալելու ոչ միայն Բուխարեստի, այլև ռումինական այլ քաղաքների հետ ևս»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Բուխարեստի քաղաքապետը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Ընդամենը մի քանի օր է, ինչ Երևանում եմ և արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով, զարգացման տեմպերով ու մաքրությամբ: Ինձ առանձնակի հիացրեց բնակիչների դրսևորած ջերմ վերաբերմունքը Ձեր հանդեպ, ինչի ականատեսը եղա Ձեզ հետ միասին գիշերային Երևանով շրջելիս: Դա ամենախոսուն վկայությունն է առ այն, որ Երևանի քաղաքապետն իրոք աշխատում է հանուն իր քաղաքի բնակիչների: Դա ամենաբարձր գնահատականն է, որ կարող է ունենալ պաշտոնյան», – ընդգծել է Սորին Միրչեա Օպրեսկուն:

Հաշվի առնելով, որ մեծ քաղաքների խնդիրները մեծամասամբ նույնական են, Բուխարեստի քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև գործակցությունը կլինի արդյունավետ և զգալիորեն կնպաստի բարեկամ քաղաքների բնակչությանը հուզող խնդիրների արագ կարգավորմանն ու լուծմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է գործընկերոջը, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է օժանդակելու նաև ռումինացի գործարարներին՝ Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

Ստորագրված հուշագրով նախատեսված ծրագրերին առավել առարկայական ընթացք տալու նպատակով Տարոն Մարգարյանը առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կմշակի աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:

Մեկնաբանել