Հեղափոխությունը լինելու է ապրիլի 9-ից հետո. Ստյոպա Սաֆարյան

Ապրիլի 9-ին «Բարևի» հեղափոխությունը չի «մեռել». այդ օրվանից սկսում է նոր շարժում, որը ցավոտ է լինելու իշխանությունների համար: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Ինձ համար ապրիլի 9-ի խորհուրդը Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի երդումն էր: Ինձ համար դրանից այն կողմ որևէ բան նախատեսված չէր, և մնացածը իրավիճակից թելադրված քայլեր էին»,- ասաց Սաֆարյանը` շարժումը բաժանելով երկու մասի՝ փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը և ապրիլի 9-ից հետո:

Նրա խոսքով՝ մինչև ապրիլի 9-ը Հովհաննիսյանն ամեն ինչ անում էր ժողովրդի միասնությունն ապահովելու և իշխանությանը բանակցությունների ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորություն տալու համար, իսկ ապրիլի 9-ից հետո իրենք ունեն իշխանության մեղքով երկպառակտված ժողովուրդ:

«Որևէ մեկը ժողովրդին չի ներարկել հեղափոխության ժամ»,- ասաց «Ժառանգության» քարտուղարը՝ հավելելով, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես էին Ազատության հրապարակում որոշ սադրիչներ հնչեցնում արյան, հիասթափության կոչեր:

Սաֆարյանը նշեց, որ շարժման շատ կողմնակիցներ հարցի լուծումը տեսնում են ջարդուփշուր անելու մեջ, ինչին, բնականաբար, իրենք չեն կարող հետևել: Նրա խոսքով՝ Բաղրամյան 26-ի մոտ տեղի ունեցած երթի ժամանակ ոստիկանության հետ կանգնած էին մարդիկ, որոնց ինքը տեսել էր նաև Ազատության հրապարակում` ժողովրդի շարքերում:

«Իսկ ովքեր բայղուշ ինֆոյի կողմնակիցներն են և նշում են, որ ժողովուրդը հիասթափվել է Րաֆֆիից, նույնիսկ մեր շարժման անդամ չեն եղել»,- ասաց Սաֆարյանը: