Ղպտիների պատրիարքը Մուհամադ Մուրսիին մեղադրում է երկպառակության համար

Եգիպտոսի ղպտիների առաջնորդ, Ալեքսանդրիայի պապ և Սբ Մարկոսի Աթոռի պատրիարք Տավադրուս 2-րդը երկրի նախագահ Մուհամադ Մուրսիին մեղադրել է իր պարտականություններն անտեսելու մեջ այն բանից հետո, երբ Կահիրեի գլխավոր տաճարի մոտ բախումները հանգեցրել են մարդկային զոհերի, հաղորդում է BBC-ն։

Պատրիարք Տավադրուս 2-րդը հայտարարել է, որ Մուրսին չի կարողացել ապահովել տաճարի անվտանգությունը, որտեղ մուսուլմանների զայրացած ամբոխի հարձակման հետևանքով սպանվել է երկու մարդ։

Եգիպտական ONTV մասնավոր հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում պատրիարքն ասել է, որ նախագահ Մուրսին խոստացել էր անել հնարավոր ամեն բան՝ տաճարը պաշտպանելու համար, սակայն իրականում դա տեղի չի ունեցել։

Նրա խոսքով՝ այս փաստը կարելի է որակել՝ որպես պարտականությունների անտեսում և իրադրությունը ճիշտ գնահատելու ունակության բացակայություն։

«Մեզ պետք են գործողություններ, այլ ոչ միայն խոսքեր․․․ Իրականում որևէ գործողություն չկա,- դժգոհել է պատրիարքը։ – Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցին անգամ ամենածանր ժամանակներում այսպիսի հարձակումների չի ենթարկվել»։

Սա պատրիարք Տավադրուս 2-րդի՝ 2012թ․ ղպտիների առաջնորդ ընտրվելուց ի վեր նախագահ Մուրսիի հասցեին ուղղված առաջին լուրջ քննադատությունն է եղել։

Անցած հանգստյան օրերին Եգիպտոսում մուսուլմանների և ղպտիների միջև տեղի էին ունեցել բախումներ՝ ամենալուրջը վերջին մի քանի ամիսներին։

Երկու մարդ սպանվել էր դրանից մեկ օր առաջ Խուսուս քաղաքում (Կահիրեից 15 կմ հյուսիս) կրոնական հողի վրա տեղի ունեցած բռնության զոհ դարձած չորս ղպտիների հոգեհանգստի արարողության ժամանակ։

Այդ բախումներում զոհվել էր նաև մի մուսուլման։

Անկարգությունները սկսվել էին այն բանից հետո, երբ ապրիլի 5-ին իսլամական Ալ Ազհար համալսարանի տեղի մասնաճյուղի պատերին նկարվել էին խաչեր։ Փոխադարձ կշտամբանքները վերածվել էին հրաձգության, ինչպես նաև ավերվել էին ղպտիներին պատկանող խանութները։

Ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության 10%-ը։ Նրանք վաղուց են դժգոհում մուսուլմանների կողմից գործադրվող ճնշումներից։ 2011թ․ նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո նրանց վրա հարձակումների թիվը նկատելի աճել է։

Մեկնաբանել