ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվ. վարժարանի թիմը ՌԴ Պերմի միջազգային հավաքում գրավել է 1-ին հորիզոնականը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմի անդամներին, ովքեր մասնակցել են փետրվարի 12-ից 23-ը ՌԴ «Հայրենասիրական դաստիարակությունը 2011-2015 թթ.» պետական ծրագրի շրջանակում ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքին և զբաղեցրել 1-ին հորիզոնականը. տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:

Սեյրան Օհանյանը կարևորել է վարժարանի սաների արձանագրած հաջողությունները, ինչպես նաև բարձր է գնահատել ռազմաուսումնական հաստատության դերը զինված ուժերում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը զրուցել է թիմի անդամների հետ, ծանոթացել նրանց մարտական պատրաստությանը և խոսել սաներին մտահոգող խնդիրների շուրջ: Վարժարանի թիմի բոլոր անդամներին մաղթելով նորանոր հաջողություններ` Սեյրան Օհանյանը 10 սաների պարգևատրել է պատվոգրերով, իսկ 3 սպաներ ստացել են դրամական խրախուսում:

ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքի ընթացքում վարժարանի սաները հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, որոնք անցել են ձմռան ցրտաշունչ, անտառային բարդ բնակլիմայական պայմաններում: Հակահրդեհային պատրաստության, քաղաքացիական պաշտպանության, փրկարար ծառայության, օդային տեսադիտման, ռազմական տեղագրության, մարտավարամասնագիտական պատրաստության, միայնակ և տուրիստական արգելագոտի, ականապայթունային աշխատանք, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության, հատուկ նշանակության ստորաբաժանումների ժամանակակից հրաձգային զենքերի, կրակային պատրաստության, երաժշտական պարապմունքների, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքների պայքարում ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ցուցաբերել են ամենաբարձր արդյունքները: