Նոր Արեշում բացվել է ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հուշատախտակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ մասնակցել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Հուշատախտակը, Երևանի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշման համաձայն, տեղադրվել է Նոր Արեշի 35-րդ փողոցի հ. 127/2 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածում, ուր մինչև 1993 թվականը ապրել է ազատամարտիկը:

Հայկ Խաչատրյանը 16 տարեկանում կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Քելբաջարի, Կուբաթլուի և Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրմանը և զոհվել 1993 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Մատաղիսի ազատագրման գործողությունների ժամանակ:

Հայկ Խաչատրյանի հայրը՝ Արարատ Խաչատրյանը, ընտանիքի անունից խորին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին բոլոր ազատամարտիկների, այդ թվում և իրենց ընտանիքին ցուցաբերած մշտական ուշադրության և աջակցության համար: