Այսօր հեղափոխության հնարավորությունը չկա, մարդկանց պետք չէ տաքացնել. Ա.Ռուստամյան

Շարժման մեջ մեր հիմնական խնդիրը միշտ եղել է էներգետիկան պահելը. «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով՝ «հիմա և ամեն ինչ» տրամաբանությամբ առաջնորդվելը կամ հիասթափության, կամ զոհերի հանգեցնելու վտանգ պարունակող ուղի է: «Շարժումը պետք է կազմակերպվեր վերևից մինչև ներքև, որպեսզի ամեն մեկն, ով գալիս է հանրահավաքի իմանա իր դերն ու անելիքը, որպեսի բացառվի նաև սադրիչների աշխատելու հնարավորությունը,- նշեց նա:- Եթե մենք սցենարի մեջ ենք, մենք մեր դերը պիտի ունենանք, մանավանդ եթե մենք ուղղակի լսելու չենք եկել, այլ պատասխանատուներից ենք»:

Հրապարակում հավաքվածները, ըստ նրա, մի քանի խմբի էին բաժանվում. մի մասը սադրիչներ էին, մի մասն, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն էին, իսկ մի մասն էլ եկել էին, բայց մոլորված էին, չգիտեին՝ ինչ անել: Ռուստամյանի դիտարկմամբ՝ շատ հաճախ «Ժառանգության» առաջնորդի որոշումների մասին տեղյակ չէին նաև նրա քաղաքական մերձավորագույն մարդիկ՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը:

«Չե՞ք կարծում, որ ՀՅԴ-ն միշտ վճռական պահին բացակայելու պատճառ է գտնում» հարցին Ռուստամյանը պատասխանեց. «Ի՞սկ չե՞ք կարծում, որ ՀՅԴ-ն միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այժմ պետք է կենտրոնանալ Երևանի ավագանու ընտրությունների վրա: «Մեզ մեղադրում են, բայց մենք ասում ենք՝ եղբայր, հեղափոխություն ամենից շատ մենք ենք ուզում, բայց եթե այսօր այդ հնարավորությունը չկա, այդ սցենարով պետք չէ գնալ, մարդկանց պետք չէ տաքացնել: Այսօր պետք է գնալ փոքր քայլերի ճանապարհով»,- նշեց նա:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի