Աղոթելու փոխարեն պիտի արգելեր ոստիկաններին մահակներով մարդկանց գլխին տալ. Կ.Ռուբինյան

Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը մեր պայքարն է, և միանգամայն հասկանալի է, որ նա միայնակ ոչինչ չի կարող անել. նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: Ըստ նրա՝ հարկ էր երեկ հրապարակում ներկայացնել գործողությունների նոր ծրագիր: «Ցավոք սրտի, երդմնակալության սիմվոլիկաների հետ միասին այդ վիճակը հրապարակում շատ հուզական տրամադրություն ստեղծեց, և ժողովուրդը, չկողմնորոշվելով, թե որն է իր դերը, սկսեց պահանջել՝ հիմա, հիմա»,- ասաց նա՝ մասնամասնելով, որ հավաքվածների «մեծամասնությունն ուներ որոշակի գործողության պահանջ»:

Ռուբինյանի խոսքով՝ այդ գործողության պահանջի արդյունքում էլ եղան բախումներ ոստիկանների հետ, որոնց գործողությունները իրավաչափ չէին: «Հիմա, տեսեք, թե ինչ եղավ. Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցությունների արդյունքում, ըստ էության, ոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցավ չարտոնված երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Այդ չարտոնված երթը թույլատրելու համար հենց այսօր ոստիկանապետին պետք է ենթարկել պատասխանատվության,- ասաց նա՝ դիտարկելով,- աղոթելու փոխարեն պիտի արգելեր ոստիկաններին մահակներով մարդկանց գլխին տալ»:

Կարապետ Ռուբինյանի դիտարկմամբ՝ բազմաթիվ երթեր են եղել դեպի Բաղրամյան 26, ցույցեր՝ դրա առաջ, կոտրվել են դարպասներ Բաղրամյանի վրա, այս անգամ փողոցը փակվեց ոչ միայն խաղաղ ցուցարարների, այլև՝ իրենց հանգիստը կազմակերպող քաղաքացիների համար:

Ռուբինյանը նշեց, որ այսօր իշխանության դեմ գնալն ուղղակի անհնար է, քանի որ «բոլոր հաղթաթղթերը ռեժիմի ձեռքում են, և հասկանալի է, որ այդ ճանապարհն ընդունելի չէ»: Ըստ նրա՝ շարունակվում են քննարկումները «Ժառանգության» ներսում, թե ինչ ուղղություն է որդեգրելու «ռեժիմի դեմ պայքարը, որն, անպայման, շարունակվելու է»:

Լուսանկարը՝ hraparak.am-ի

Մեկնաբանել