ՀՀ ոստիկանությունում եվրոպական պատվիրակները հարցրել են Բաղրամյան պողոտայի միջադեպերի մասին

Ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ժան Պիեռ Ռաստելինիի գլխավորած՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել նրանց առաքելության և մարդասիրական գործունեության համար ու կարևորել համագործակցությունը ոստիկանության աշխատանքը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ու նորովի կազմակերպելու առումով:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է բարեփոխումների ընթացքը՝ նկատելով, որ նպատակը նոր ոստիկանության ձևավորումն է, և ընդգծեց արդի փուլի գլխավոր սկզբունքները, մասնավորապես՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու և ծեծով ու խոշտանգումներով ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը:

Ժան Պիեռ Ռաստելինին շնորհակալություն է հայտնել գերազանց համագործակցության համար, և նշել, որ առանց որևէ խոչընդոտի ու դժվարության կատարել են բոլոր այցելությունները և իրականացրել իրենց առաքելությունը:

Գոհունակությամբ ընդգծելով բարեփոխումներն ավարտին հասցնելու ոստիկանության ղեկավարության վճռականությունը և ակնհայտ փոփոխությունները, պատվիրակության ղեկավարը, միևնույն ժամանակ, նկատել է, որ հանդիպումների ընթացքում բողոքներ են եղել որոշ կալանավորներից՝ իրենց հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ չնայած կատարված աշխատանքին, զգալի ճանապարհ կա անցնելու հատկապես ոստիկանների հոգեբանությունն ու աշխատանքի մեթոդները ամբողջովին փոխելու ուղղությամբ և հավաստել է, որ ամեն ինչ արվում է այդ վերափոխությունն առավելագույնս կարճ ժամանակամիջոցում իրականացնելու համար:

Հյուրերը հետաքրքրվել են նախօրեին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում և այլ հատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Վլադիմիր Գասպարյանը մանրամասնել է ցուցարարների և ոստիկանության գործողությունները, հետագա զարգացումները, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացածների վիճակը:

Ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ են տվել պատվիրակության անդամների բոլոր հարցադրումներին:

Մեկնաբանել