Երևանում անցկացվում է «Թատրոն-X» 6-րդ միջազգային փառատոնը

Տարվա տաք ամիսները Հայաստանում փառատոների շրջան են: Առաջիններից մեկն սկսվեց ապրիլի 10-ին՝ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ «Թատրոն-X» 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը:

Նույն օրն ավելի վաղ կազմակերպիչները հանդիպեցին լրագրողներին և պատմեցին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել փառատոնում այս տարի:

Փառատոնն անցկացվում է «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո: Այն տարբերվում է շատ այլ փառատոներից նրանով, որ ընդունված ձևաչափի համաձայն՝ ներկայացումներից հետո տեղի են ունենում հրապարակային քննարկումներ, որոնց մասնակցում են բոլոր ցանկացողները, ինչպես նաև հատուկ մասնագիտական հանձնաժողովը: «Թատրոն X»-ի աշխատանքներում ներգրավված են թատերագետներ, երաժշտագետներ, բանասերներ, դրամատուրգներ, որոնց հիմնական խնդիրը բանավոր շփումն է, կարծիքների փոխանակումը ստեղծագործողների միջև: Ինչպես հայտնեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, այս քննարկումների արդյունքները պիտի վերածվեն փաստաթղթերի, որոնցով նախարարությունը կուղղորդվի թատրոնի ոլորտում մշակութային քաղաքականություն ձևավորելիս:

Այս տարի 6-րդ «Թատրոն-X»-ին կմասնակցեն աննախադեպ քիչ թատրոններ և թատերախմբեր՝ ընդամենը 17՝ ի տարբերություն անցյալ փառատոների, որոնց մասնակիցների թիվը հասնում էր 35-ի: «Անցյալ տարիներին մենք ջանում էինք հնարավորինս շատ մասնակիցներ ներգրավել, որպեսզի ապահովենք թատերական դաշտի բազմազանության իրական պատկերը: Սակայն այս տարի որոշեցինք ընտրել լավագույններին, քանի որ մասնակիցների մեծ քանակը շատ էր բարդացնում և երկարացնում քննարկումները»,– փոփոխությունը մեկնաբանեց փառատոնի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը:

Բացման օրվանից Երևանի Թումանյանի անվան տիկնիկային, Համազգային, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Կամերային, Խամաճիկների, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի և Պատանի հանդիսատեսի թատրոններում կարելի է տեսնել Սամսոն Մովսեսյանի «Ալիսան հրաշքների աշխարհում», Աիդա Սիմոնի «L՛Ultima Cena», Գոշ Սարգսյանի «Գրառումներ ընդհատակից», Արա Երնջակյանի «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», Արթուր Սարիբեկյանի «Կրքոտ հաշվետվություն», Լիլի Էլբակյանի «Հենզելն ու Գրետելը», Խաչիկ Չալիկյանի «Ռոսինանտ 2012» Դավիթ Հարությունյանի «Խենթը», Վարդուհի Գրիգորյանի «Սիրտդ ինձ տուր» և այլ բեմադրություններ:

Մշակույթի նախարարությունը մեծացրել է ֆինանսավորման ծավալը, ինչը հնարավոր է դարձրել փառատոնն այս տարի տանել մարզեր: Ներկայացումներ ու քննարկումներ տեղի կունենան նաև Հրազդանում, Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում և Ալավերդիում, կկազմակերպվեն վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։

Փառատոնը և ընթերցումները նպատակ ունեն ապահովելու մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ‚ ի մի բերելու նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորելու միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այն անվանեց «փառատոն-լաբորատորիա»: «Աշխատանքային այսպիսի ձևաչափը թույլ է տալիս ձեռքը պահել զարկերակի վրա: Մենք կարողանում ենք կենտրոնանալ տարբեր ասպեկտների վրա՝ ոչ միայն մեր թատրոնների մասնագիտական մակարդակի, այլև արդիականության, ժամանակի հետ կապվածության»,– ասաց նա:

Արվեստագետները խոսեցին նաև հայկական թատրոնի խնդիրների մասին և պարզաբանեցին, թե ինչպես է փառատոնն օգնում լուծել դրանք:

Թատերագետ Լևոն Մութաֆյանը կարծում է, որ «Թատրոն X»-ը կարևոր առանցքային հատկություն ունի: «Քսան տարի հայկական թատրոնը գոյատևել է ինքնամփոփ, ինքնապարփակ: Փառատոնն ի ցույց դրեց, որ կարիք կա այն արժևորելու, քննադատաբար մոտենալու»,– նշեց նա: Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում մի քանի կարևոր խնդիր է բարձրաձայնվել՝ խաղացանկային քաղաքականության բացթողումները, թատրոնի և հանդիսատեսի միջև կապի բացակայությունը և հայկական թատրոնի մեկուսացումը:

Ռուբեն Բաբայանը հարկ համարեց նշել նաև դերասանական դպրոցի խնդիրները: «Մենք ահավոր կաղում ենք այստեղ: Պիտի աշխատենք նաև այս ուղղությամբ: Հաճախ մենք տեսնում ենք ներկայացում, որը կարող էր լիովին այլ լինել, եթե դերասանը ինչ-ինչ վարպետությունների տիրապետեր: Սա շատ կարևոր է, քանի որ հանդիսատեսի հետ թատրոնի կապը դերասանի միջոցով է իրականացվում»,– ասաց նա:

«Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը կտևի մինչև մայիսի 2-ը: Փակման արարողությունը կկայանա «Երկաթ» ակումբում: Երեկոյի ընթացքում տեղի կունենան մրցանակների և դիպլոմների հանձնման արարողությունն ու փառատոնի ամփոփիչ քննարկումը: