Ըստ ԵԿԲ-ի՝ եվրոգոտում խնդրահարույց երկրներն ավելի բարեկեցիկ են

Կիպրոսցիները նախքան ճգնաժամը երեք անգամ ավելի հարուստ էին, քան Գերմանիայի քաղաքացիները։ Հենց սա է պատճառը, որ Եվրախումբը չի ցանկացել ֆինանսական լայնածավալ աջակցություն տրամադրել Նիկոսիային, ասվում է Եվրոպական կենտրոնական բանկի զեկույցում։

Ըստ զեկույցի հեղինակների՝ Կիպրոսի փրկության լայնածավալ ծրագիրը խոչընդոտել են հիմնականում հյուսիսային Եվրոպայի երկրները։
AAA սուվերեն վարկանիշ ունեցող եվրոպական երկրների քաղաքացիները պակաս հարուստ են ավելի ցածր վարկանիշ ունեցող երկրների քաղաքացիների համեմատ: Միակ բացառությունը, ըստ ԵԿԲ-ի, Լյուքսեմբուրգն է։

2008-2010 թթ. տվյալները վկայում են, որ քաղաքացիների միջինացված զուտ ակտիվները հարկային «հանգրվան» հանդիսացող երկրներում՝ Լյուքսեմբուրգում (€397,8 հազ.), Կիպրոսում (€266, հազ.) և Մալթայում (€215,9 հազ.), զգալիորեն գերազանցում են մյուս երկրների քաղաքացիների ակտիվները: Ընդ որում՝ բարեկեցության միջին մակարդակը Լյուքսեմբուրգում €710,1 հազ. է, Կիպրոսում՝ €670,9 հազ., Մալթայում՝ €366 հազ.:

Եվրոպայի զարգացած երկրներում իրադրությունը շատ ավելի վատ է: Այսպես՝ Գերմանիայում քաղաքացիների միջինացված զուտ ակտիվների ծավալը կազմում է €51 հազ. (միջինը՝ €195,2 հազ.), Նիդեռլանդներում՝ €103,6 հազ. (միջինը՝ €170,2 հազ.) և Ֆինլանդիայում՝ €85,8 հազ. (միջինը՝ €161,5 հազ.):

Այդուհանդերձ, Հունաստանում և Պորտուգալիայում, ինչպես նաև Սլովակիայում և Սլովենիայում բարեկեցության մակարդակը չի զիջում բարձրագույն վարկանիշ ունեցող երկրների ցուցանիշին։ Այսպես՝ Սլովակիայում քաղաքացիների միջինացված զուտ ակտիվների ծավալը €61,2 հազ. է (միջինը՝ €79,7 հազ.), Սլովենիայում՝ €100,7 հազ. (միջինը՝ €148,7 հազ.), Պորտուգալիայում՝ €75,2 հազ. (միջինը՝ €152,9 հազ.), Հունաստանում՝ €101,9 հազ. (միջինը՝ 147,8 հազ.)։

Ֆինանսական աջակցություն ստացած Իսպանիայի, ինչպես նաև Իտալիայի քաղաքացիները ևս բավական հարուստ են: Այսպես՝ Իսպանիայում բարեկեցության միջինացված մակարդակը կազմել է €182,7 հազ., Իտալիայում՝ €173,5 հազ.:

Թեև Կիպրոսի ճգնաժամի ֆոնին եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ մինչև €100 հազ. ապահովագրված ավանդները չեն հարկվի, այս տվյալները վկայում են, որ եվրոգոտու իշխանությունները կարող են կրկին դիմել նման քայլի։

Բանկային ճգնաժամի հաջորդ «զոհը», ամենայն հավանականությամբ, Սլովենիան կլինի, որը ևս ֆինանսական աջակցության անհրաժեշտություն կզգա։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի համաձայն՝ երկիրը խոր ռեցեսիայի մեջ է, և բանկային համակարգին լրջագույն ճգնաժամ է սպառնում: Սա պայմանավորված է մասնավոր և պետական պարտավորությունների ծավալների կտրուկ կրճատմամբ, ինչը, իր հերթին, ազդում է տնտեսական աճի տեմպի վրա։ Ընդ որում՝ երկրի համար դժվարացել է մուտքը փոխառությունների շուկաներ, աճում է գործազրկության մակարդակը, նվազում է արտահանումը։