Չեմ ուզում մեկնաբանել Սարգսյանի ինաուգուրացիայի խոսքը. Վ. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկանում մեկնաբանել ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության ելույթը, այս մասին նա ասել է Galatv.am կայքին, որը փորձել է պարզել, թե ինչպես է Սարգսյանի ելույթն ընկալել դահլիճում գտնվող Ռոբերտ Քոչարյանը:

«Ես չեմ ուզում մեկնաբանել ինաուգուրացիայի խոսքը: Լսել եմ, այո´, դահլիճում եմ եղել այդ ժամանակ, բայց չեմ ուզում մեկնաբանել», – ասել է Սողոմոյանը:

Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հրաժարվել է նաև պատասխանել այն հարցին, թե առհասարակ, որպես քաղաքացի ինչ կարծքի ունի Սարգսյանի կառավարման տարիներին նշված ոլորտներում տեղաշարժերի մասին:

«Վերջին 9 տարում որպես քաղաքացի կարծիք չեմ հայտնել, ստացվել է այնպես, որ պաշտոնական կարծիքներ եմ հայտնել, անսովոր բան եք խնդրում, գուցե գալիք տասը տարում սովորեմ հայտնել իմ սեփական կարծիքը որպես քաղաքացի», – ասել է Սողոմոնյանը:

Ապրիլի 9-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երդմնակալությունից հետո Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում մատնանշել է վերջին տարիներին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում էական տեղաշարժերը՝ կոչ անելով ներկա գտնվողներին ներկա իրադրությունը համեմատել հինգ տարի առաջվա իրավիճակի հետ: