«Ջանգո ազատվածն» արգելվել է Չինաստանում

Չինական կինոթատրոնները չեղյալ են հայտարարել Քվենտին Տարանտինոյի «Ջանգո ազատվածը» վեստեռնի բոլոր սեանսները, հաղորդում է AFP-ն:

Ֆիլմի վարձույթը կասեցվել է ապրիլի 11-ին` պրեմիերայից մի քանի ժամ առաջ: Դա արվել է Չինաստանում ֆիլմի վարձույթով զբաղվող China Film Group Corporation-ի պահանջով, որը որպես պատճառ է բերել «տեխնիկական խնդիրները»: Տեղացի բլոգերներից մեկի խոսքով՝ կինոթատրոններից մեկում սեանսը դադարեցվել է սկսվելուց մի քանի րոպե անց:

Չինաստանի վերահսկիչ մարմինները որևէ կերպ չեն մեկնաբանել վարձույթից ֆիլմի հանումը: Չինական կինոինդուստրիայի անանուն աղբյուրներից մեկը հայտնել է, որ արգելքի պատճառը «մերկ» դրվագներն են:

Ավելի վաղ Sony Pictures ընկերությունը հայտարարել է, որ ֆիլմը չինական վարձույթ դուրս կգա խմբագրված վիճակում: Մասնավորապես՝ ֆիլմի ռեժիսորը համաձայնվել է կադրում երևացող արյունը պակաս վառ դարձնել և այն «շաղ տալ» ավելի կարճ տարածությամբ: Ընդ որում՝ ֆիլմի հեղինակները խոստացել են, որ ֆիլմից և ոչ մի դրվագ չի կտրվելու և ժապավենի քրոնոմետրաժը չի խախտվելու:

«Ջանգո ազատվածը» պետք է լիներ Տարանտինոյի՝ Չինաստանում վարձույթ դուրս եկած առաջին ֆիլմը: Իրադարձությունները զարգանում են վայրի Արևմուտքում: Ըստ սյուժեի՝ փախած ստրուկ Ջանգոն գլխակեր ընկերոջ հետ համատեղ փորձում է ստրկությունից ազատել իր կնոջը: Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի» և ստացել դրանցից երկուսը:

Մեկնաբանել