Ցույցեր ԱՄՆ-ում՝ ի աջակցություն ներգաղթային բարեփոխման

ԱՄՆ-ում տեղի են ուեցել զանգվածային ակցիաներ՝ ի աջակցություն ներգաղթային բարեփոխման մասին օրինագծի, հաղորդում է BBC-ն։

Ակնկալվում է, որ դեմոկրատներից ու հանրապետականներից կազմված հանձնաժողովի մշակած օրինագիծը Սենատի քննարկմանը կներկայացվի առաջիկա օրերին։

Ներգաղթի մասին նոր օրենքը, ինչպես նախատեսվում է, 11 մլն անօրինական միգրանտներին թույլ կտա օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում և ապագայում հավակնել Միացյալ Նահանգների քաղաքացիության։ Միաժամանակ ծրագրվում է նկատելի խստացնել սահմանային վերահսկողությունը։

Հազարավոր միգրանտներ ու իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստներ ցույցի են դուրս եկել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ։ Համանման բազմամարդ ցույցեր տեղի են ունեցել ևս 18 նահանգում։

Ներգաղթային բարեփոխումը դարձավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի առաջնահերթություններից մեկը նրա՝ 2012թ․ նոյեմբերին վերընտրվելուց հետո։

Ինչպես հաղորդում է AFP-ն, համաձայն մարտին իրականացված հարցումների՝ տասը ամերիկացուց վեցը աջակցում է երկրում գտնվող անօրինական ներգաղթյալների կարգավիճակն օրինականացնելու գաղափարին։

ԱՄՆ-ի իշխանությունները վերջին անգամ համանման քայլ ձեռնարկել են 1986թ․, երբ նախագահ Ռեյգանը համաներում շնորհեց մոտ 3,5 մլն անօրինական միգրանտի։

Ներգաղթային համակարգը վերանայելու փորձերը նախագահ Բուշ Կրտեսրի օրոք՝ 2006թ․ և 2007թ․, ձախողվել են Սենատում։

Համաձայն AFP-ի տվյալների՝ ԱՄՆ-ը տարեկան արտաքսում է մոտ 400 հազ․ անօրինական ներգաղթյալի։

Մեկնաբանել