Օջալանի նովրուզյան ուղերձը փոխել է ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում

Թե թուրք-քրդական հաշտեցումը ինչ հետևանքներ կունենա ներսիրիական զարգացումներում և ինչպես կազդի Սիրիայի մյուս փոքրամասնությունների վրա, թուրքական Sol պարբերականի՝ «Քրդերն օգնում են «Մեծ Թուրքիայի» ծրագրին» հոդվածում ներկայացնում են լրագրողներ Ալի Օրնեքը և Յիղիթ Գունայը։ Հոդվածը թարգմանաբար ու կրճատումներով՝ ստորև։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վերսալյան հաշտության համաձայնագրով ըստ էության կանխորոշվում էր Երկրորդ համաշխարհայինի սկիզբը: Այդ պատճառով էլ Վերսալն ընկալվում է որպես «աշխարհի բոլոր կողմերում խաղաղությունը վերացնող խաղաղության համաձայնագիր»։

Թուրքիայում սկիզբ առած թուրք-քրդական «խաղաղության գործընթացը» ևս նոր պատերազմ է հրահրում, միայն թե ռազմաճակատի գիծը Սիրիայում է։

Հալեպում վերջին օրերին տեղի ունեցող արյունալի մարտերը ցույց տվեցին, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) մոտ կանգնած քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) քուրդ զինյալները սկսել են համագործակցել ընդդիմադիր խմբավորումների հետ։

Մարտի վերջին Սիրիայի ազատ բանակի զինյալները մուտք գործեցին քրդաբնակ Շեյխ Մախսուդ թաղամաս։ Մինչ այդ թաղամասն արդեն երկու տարի քրդերի ձեռքում էր։

Թաղամասում առաջին բանը, որ արեց Սիրայի ազատ բանակը, կտրեց Ալ Հասան մզկիթի իմամի գլուխը և այն մինարեթից ցուցադրեց ժողովրդին: Ընդդիմադիրների հարձակման հետևանքով թաղամասի հայերը և ասորիները աստիճանաբար սկսեցին լքել այն։

Երկար ժամանակ քրդերը թույլ չին տալիս Սիրիայի ազատ բանակին մուտք գործել իր վերահսկողության տակ գտնվող շրջաններ: Սակայն Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց տվեցին, որ քրդերը փոխել են դիրքորոշումը։

Աբդուլահ Օջալանի և քուրդ պատգամավորների հանդիպումից հետո մամուլ սպրդեց հանդիպման սղագրությունը, որում Օջալանն ասում է. «Սիրիայում քրդերը երկու կողմերի հետ էլ թող հանդիպեն, ով ճանաչի քրդերի իրավունքները, թող նրա հետ էլ աշխատեն»: PKK-ի առաջնորդ Մուրատ Քարայըլանը Հասան Ջեմալին տված հարցազրույցում հայտարարում է. «Նախկինում տարածաշրջանային երկրները՝ Իրանը, Սիրիան, Թուրքիան և ժամանակ առ ժամանակ նաև Իրաքը, համատեղ պայքարում էին PKK-ի դեմ: Ներկայում այդ երկրների միջև հակասություններ կան: Այսօր հնարավոր է օգտագործել ստեղծված պայմանները և ստանալ այս կան այն երկրի աջակցությունը»։

Սիրիայի քրդական շարժումը ելնելով Օջալանի և Քարայըլանի այս հայտարարություններից՝ մշակել է գործողությունների սեփական ծրագիրը: Այսպես, ապրիլի 4-ին PYD-ի Էրբիլի ներկայացուցիչ Ջաֆեր Աքաշ Հաննան մի ռեպորտաժի ժամանակ հայտարարեց՝ եթե քրդերը միավորվեն ընդդիմադիր ուժերի հետ, ապա Բաշար Ասադը մի շաբաթ անգամ չի դիմանա և կտապալվի։ Հաննան նշեց նաև, որ քրդերը պատրաստ են Սիրիայում իսլամիստական ուժերի իշխանության գալուն։ «Հարավային Քրդստանը (Հյուսիսային Իրաք) և Հյուսիսային Քրդստանը (Թուրքիայի քրդաբնակ շրջաններ, Արևմտյան Հայաստան) առևտրական և համագործակցության պայմանագիր կստորագրեն և կբացեն սահմանները»,- ասել է Հաննան:

Քանի որ Հյուսիսային Քրդստանը դեռևս Թուրքիայի տարածքում է, ապա նշանակում է, որ PYD-ն ցանկանում է բացել Հյուսիսային Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը։

Հաննայի այս հայտարարությունը ցույց է տալիս. Oջալանի՝ Նովրուզին ընթերցված նամակը և սիրիական զարգացումների ֆոնին Իսրայելի ներողությունը Թուրքիայից, լիովին «Մեծ Թուրքիայի» ծրագրի շրջանակում են, որը վերջերս կրկին օրակարգում է հայտնվել։

Իսկ Հալեպում թուրք-քրդական խաղաղությունը իր զոհերը ունի: «Ակօսի» ապրիլի 5-ի համարում Վահագն Քեշիշյանը գրում է, որ Շեյխ Մախսուդում Թուրքիա-քրդեր համագործակցությունը կարող է վատ անդրադառնալ բոլորի վրա, բացի, իհարկե թուրքերից և քրդերից։ «Թուրք-քրդական հաշտեցումից հետո Հալեպի Շեյխ Մախսուդ թաղամասի պաշտպանությունը ստանձնած PKK-ի ուժերը լքեցին դիրքերը: Ինչո՞ւ, ինչպե՞ս և ո՞ւր. ոչ ոք չգիտի»,- գրում է Քեշիշյանը: Նրանց հեռանալուց հետո լքված դիրքերը վերցրել են Ալ Նուսրա ջոկատի զինյալները։ «Այսինքն հիմա Օջալանը հրաժարվել է «Մեծ Քրդստանի» գաղափարից։ Եթե ոչ, ապա մի՞թե քրդերը վերածվել են Թուրքիայի գերակտիվ արտաքին քաղաքականության տարրի և արտաքին քաղաքական գործիքի»,- հարցնում է Քեշիշյանը:

Մեկնաբանել