Պաղեստինի Ինքնավարության վարչապետը հրաժարական է տալիս

Պաղեստինի Ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին նախագահ Մուհամադ Աբասի հետ մի շարք տարաձայնություններից հետո։

Ինչպես հաղորդում են BBC-ի աղբյուրները Ռամալլահում, այսպիսի քայլը կարող է պայմանավորված լինել Պաղեստինի Ինքնավարության նախագահի ու վարչապետի միջև ֆինանսների նախարար Նաբիլ Կասիսի (որին մեկ ամիս առաջ նշանակել էր Ֆայադը) հրաժարականի կապակցությամբ առաջացած երկպառակությամբ։

Սակայն վարչապետի խորհրդականը BBC-ին տեղեկացրել է, որ հրաժարականի մասին Ֆայադի որոշումը ազգային հաշտեցման հասնելու ծրագրի մի մասն է։

Առայժմ պարզ չէ՝ կընդունի արդյոք նախագահ Աբասը կառավարության ղեկավարի հրաժարականը, թե ոչ։ Այժմ նա այցով Հորդանանում է։

Մեկնաբանել