Գյումրիում մեկնարկել է «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը

Գյումրիում մեկնարկել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը. այս մասին հաղորդում են փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարկետինգի և հանրային կապերի բաժնից: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն անցկացվում է «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:

Երաժշտական մրցույթին մասնակցելու է 2415 երաժիշտ-կատարող` աշխարհի 30 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Վրաստան, Իրան, Իսրայել, Ավստրիա, Լատվիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա): Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ:

Նշենք, որ արդեն 5 տարի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը համարվում է Հայաստանի երաժշտական աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը, որն օժտված պատանի և երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տալիս ստանալու համընդհանուր ճանաչում և հիմք է հանդիսանում հաջող կարիերայի համար: Հայաստանում մրցույթ-փառատոնը մշակութային կյանքի առավել նշանակալից իրադարձություններից մեկն է:

Մեկնաբանել