Արմեն Երիցյանը՝ Wikileaks-ի փաստաթղթերում

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Wikileaks կայքի վերջերս հրապարակած փաստաթղթերում ուշագրավ տեղեկություններ կան ներկայում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, 2004թ. ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի մասին: 2004թ. օգոստոսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում է, որ 2004թ. օգոստոսի 24-ին հետաքննող երկու լրագրող հայտարարել են, որ իրենց սպառնացել են, և նրանցից մեկի նկատմամբ անծանոթ մարդիկ բռնություն են գործադրել այն բանից հետո, երբ նրանք նկարել են Հայաստանի ոստիկանապետի տեղակալի շքեղ առանձնատունը:

«Երկու լրագրողները՝ Աննա Իսրայելյանը և Մխիթար Խաչատրյանը, լրատվամիջոցներին ասել են, որ նրանք փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի տունը նկարել են տների կառուցման հետևանքով բնությանը հասցվող վնասի մասին իրենց հոդվածի համար: Հարուստ թաղամասում շրջելիս լրագրողները նկարել էին Երիցյանի տունը՝ չնայած պահակի զգուշացմանը»,- նշված է փաստաթղթում:

Wikileaks-ում հրապարակված փաստաթղթում նշվում է նաև, որ ավելի ուշ նույն պահակը մի քանի տղամարդկանց ուղեկցությամբ սրճարանում մոտեցել է լրագրողներին: Խաչատրյանն ասել է, որ նա բռնություն է գործադրել իր նկատմամբ և սպառնացել սպանել, եթե հետ չկանգնի: «Խաչատրյանն ստիպված է եղել իր թվային լուսանկարչական խցիկից հանել և հանձնել է ֆոտոքարտը: (Խաչատրյանը կապտուկներ և ճանկռվածքներ է ստացել, որոնց համար հոսպիտալացում չի պահանջվել)»,- նշված է փաստաթղթում:

Այնուհետև նշվում է, որ իր վրա հարձակվողները «նման էին մարդկանց», որոնք ֆոտոլրագրողների վրա հարձակվել էին ապրիլին տեղի ունեցած երկու ցույցերի ժամանակ: «Լրագրողներից մյուսը՝ Իսրայելյանը, որը հարձակման է ենթարկվել ապրիլի 5-ին, լրատվամիջոցներին ասել է, որ չի դիմելու ոստիկանություն ապրիլյան հետաքննության «անարդյունավետության» պատճառով»: