Դատի՛ տվեք Nouvelles d’Arménie-ին

Nouvelles d’Arménie ամսագրի սենսացիոն բացահայտումները՝ Սերժ Սարգսյանի փիարի համար հարյուր հազարավոր դոլարների հասնող ծախսերը և Հայաստանում իրականացված հարցումները, ԱԱԾ-ին առնվազն պետք է հետաքրքրեն: Որևէ խնդիր չկա, որ նախագահական հավակնություններ ունեցող, 2006թ. դեռ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը, ըստ Nouvelles d’Arménie ամսագրի, կարող էր օգտվել փիար իրականացնող Burson-Marsteller ընկերության ծառայություններից: Խնդիրն այն է, որ հսկայական գումարներ են վճարվել Հայաստանի կարևորագույն պաշտոնյաներից մեկի վարկանիշը բարձրացնելու համար, և հայտնի չէ այդ գումարների ծագումը:

Ըստ Nouvelles d’Arménie-ի՝ ամերիկյան Burson-Marsteller ընկերությունը 2006թ. սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 23-ին պարտավորագրեր է ստորագրել Գլենդեյլում հաստատված ՀՀ քաղաքացի Ստեփան Մարտիրոսյանի հետ և պարտավորվել է նպաստել Հայաստանի ներդրումային վարկանիշի բարձրացմանը։ Այդ ծառայությունների համար վճարվելու էր ամսական 65 000 դոլար: Ավելին՝ ծրագրի իրականացման համար երեք հոգուց բաղկացած թիմերի երկու-երեք օր տևող այցերը Հայաստան գնահատվել են օրական 50 000 դոլար՝ չհաշված ճամփորդական և հյուրանոցային ծախսերը:

Դատելով մատուցվող ծառայությունների գներից՝ ՀՀ քաղաքացի Ստեփան Մարտիրոսյանը մեծ գումարներ է ծախսել ոչ միայն Հայաստանի վարկանիշը բարձրացնելու, այլև նախարար Սերժ Սարգսյանի համար դրական վարկանիշ ստեղծելու համար: Ո՞վ է խորհրդավոր այդ քաղաքացին, որտեղի՞ց նրան այդպիսի ֆինանսական հնարավորություններ, որոնք ծախսվում են նախարարի համար: Դժվար է հավատալ, որ հայրենասիրության սուր պոռթկումներն են Մարտիրոսյանին ստիպել մտածել Հայաստանի և Սերժ Սարգսյանի վարկանիշի մասին:

Արդյո՞ք անմիջական կապ գոյություն ունի Սերժ Սարգսյանի և Ստեփան Մարտիրոսյանի միջև: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը որևէ մասնակցություն ունեցել է Burson-Marsteller ընկերությանը վճարվելիք հարյուր հազարավոր դոլարների հայթայթման գործում: Դժվար է հավատալ, որ մի քանի հարյուր հազար դրամ կազմող նախարարական աշխատավարձով Սերժ Սարգսյանը կարող էր իրեն թույլ տալ նման թանկարժեք ծառայություններ պատվիրել:

Նշված իրավիճակում կա՛մ Nouvelles d’Arménie-ն զրպարտում է, և նրան պետք է դատի տալ, կա՛մ պետք է բացահայտել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: